Հարաբերություններում բեկում մտցնելու Թեհրանի և Երևանի նոր փորձը՝ ուշադրության կենտրոնում են ազատ առևտուրն ու գազը

Հարաբերություններում բեկում մտցնելու Թեհրանի և Երևանի նոր  փորձը՝ ուշադրության կենտրոնում են ազատ առևտուրն ու գազը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ կատարվեց առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ Հասան Ռուոհանին Հայաստան կայցելի ընթացիկ տարում: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմում է մոտ 300 մլն դոլար:

Հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը, մասնավորապես, դրա գազային բաղադրիչը հետաքրքրել է ռուսական «Նեզավիսիմայա գազետային»: «Թեհրանն ու Երևանը պատրաստվում են նոր առևտրային կոմբինացիաների» հոդվածում պարբերականը հիշատակում է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսիի հայտարարությունն այն մասին, որ միջկառավարական համատեղ հանձնաժողովն ուսումնասիրում է Հայաստանով Արևմուտք իրանական գազի տարանցման հնարավորությունը:

«Հաշվի առնելով, որ վերջերս երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունը, կարելի է խոսել տնտեսական փոխհարաբերություններում բեկում մտցնելու Թեհրանի և Երևանի նոր փորձի մասին՝ Իրանը Հայաստանին կօգնի շրջանցել թուրք - ադրբեջանական շրջափակումը, Հայաստանն Իրանին՝ պատժամիջոցները»,-գրում է պարբերականը:

Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ Իրանի ու Հայաստանի միջև ստորագրվել էին արձանագրություններ մի շարք խոշոր նախագծեր իրականացնելու մտադրության մասին՝ էլեկտրահաղորդակցության նոր բարձրավոլտ գծի, նավթամուղի ու ՆՎԳ կառուցման, երկու երկրների երկաթգծերի միացման վերաբերյալ: Վերջապես, Իրանը Հայաստանին առաջարկեց զրոյական տարանցիկ սակագներ իր ավտոճանապարհներին և Կասպից ծովի Էնզելի ու Պարսից ծոցում Բանդարաբաս նավահանգիստներում: Ըստ իրանագետ Սևակ Սարուխանյանի, խոշոր նախագծերն արգելակվում են հակաիրանական պատժամիջոցների պատճառով և պայմանավորված են Թեհրանի մոտ ազատ դրամական միջոցների բացակայությամբ, իսկ երկաթգծի նախագծին խանգարում է Կազվին-Ռեշտ-Աստարա նմանատիպ նախագծի հնարավոր իրականացումն Ադրբեջանի հետ, ինչպես նաև այն, որ աբխազական երկաթուղին անգործության է մատնված: Այդպիսով, իրականացման առավել մեծ շանսեր ունի Առևտրի ազատ գոտու ստեղծման նախագիծը:

Ճիշտ է, այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս համատեղել Իրանի հետ ԱԱԳ-ն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: «Առևտրի ազատ գոտին (ԱԱԳ) չի հակասում ԵՏՄ-ին ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, ստեղծվող իրանա-թուրքական ԱԱԳ-ն չի հակասում Թուրքիայի պարտավորություններին այդ գծով ԵՄ առջև: Ազատ առևտրի գոտին չի ենթադրում, որ իրանական ապրանքներն առանց մաքսատուրքի կհայտնվեն ԵՏՄ շուկայում: ԱԱԳ-ն զուտ հայ-իրանական նախագիծ է, և ցանկացած իրանական արտադրանք, որը Հայաստանից կարտահանվի ԵՏՄ շուկաներ, կհարկվի»,-ասել է պարբերականին Սարուխանյանը:

Մեկ այլ փորձագետ, Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հոռետեսորեն է տրամադրված Հայաստանի տարածքով իրանական գազի հնարավոր տարանցման հեռանկարին: Նախագծի իրականացումը կապված է մեծ բարդությունների հետ ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական բնույթի, իսկ մյուս էներգետիկ սխեմաները, որոնք մի քանի երկիր են ներառում և պարբերաբար քննարկման առարկա են դառնում փորձագիտական շրջանակներում կամ հանրության շրջանում, արդյունավետ չեն թվում, պատմել է նա թերթին:

Մինչդեռ euronews-ը մեջբերում է Ռոուհանիի հայտարարությունը եվրոպացի սպառողներին գազ վաճառելու Թեհրանի ցանկության մասին: Հասան Ռուոհանին հայտարարել է, որ Իրանը կարող է էներգառեսուրսների հուսալի աղբյուր հանդիսանալ Եվրոպայի համար: «Իրանը եզակի կարգավիճակ ունի էներգետիկ ոլորտում, ուստի կարող է էներգիայի հուսալի աղբյուր հանդիսանալ Եվրոպայի համար…Մենք պատրաստ ենք ցանց ստեղծել Ավստրիայով դեպի Եվրոպա գազ առաքելու համար»,-հայտարարել է նա ավստրիացի պաշտոնակից Հայնց Ֆիշերի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---