ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղում այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին,ընտանիքների ուղարկած նամակները հանձնել: Կարմիր խաչի աշխատակիցներին են փոխանցվել պատասխան նամակները:

Մինչդեռ, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն կշարունակի հանդիպումները կալանավորների հետ ըստ մանդատի: Նա նաև նշել է, որ Կոմիտեն չի մեկնաբանում դիվերսանտների դատավարությունը և չի մասնակցում դատին. «ԿԽՄԿ-ն չի կարող դատավարության մասին աղբյուր հանդիսանալ»:

Դիվերսանտների գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ: Խմբի երրորդ անդամը՝ Հասան Հասանովը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Դատավարության ընթացքում ի հայտ են եկել խմբի գործունեության նոր մարամասներ: Մախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի համաձայն՝ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը: Նոյեմբերի 3-ի նիստում Գուլիևը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդել է, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի վրա, սակայն, ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ գործողությունը շոյելու, թե բռնության նշան էր։

Ասկերովի տեսախցիկում կային նաև Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին, նրա խոսքով, ինքն անգամ տեղյակ չի եղել։

Նոյեմբերի 4-ի նիստում նաև մանրամասներ են պարզվել Ցականյանի սպանության զենքի մասին: Հատկանշական է, որ Ասկերովին պատկանող ինքնաձիգը, որից պատանին սպանվել է, ունեցել է այն զորամասի համարը, որի հետախուզական գումարտակում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ծառայել է ամբաստանյալը, որը, սակայն, պատահականություն է համարել այդ փաստը:

Ընթերցեք նաև. Դիվերսանտների դատը. Ինջիղուլյանի հարցաքննության տեսագրությունն ու հետախուզական գումարտակի ինքնաձիգը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---