ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի ՀՀ-ում. ԼՂ հակամարտության շուրջ լարվածության շիկացումն անընդունելի է

ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի ՀՀ-ում. ԼՂ հակամարտության շուրջ լարվածության շիկացումն անընդունելի է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Բանակցություններ են ընթացել նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ կայացած ընդլայնված կազմով նիստում:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը.

«Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներս, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ տագնապով ենք նշում վերջերս նկատված լարվածության աճը, նոր նացիստական գաղափարախոսության վերածնունդը, աշխարհում անվտանգության ապահովման մեխանիզմների հետընթացը և նոր հակամարտ գոտիների առաջացումը, այդ թվում նաև եվրասիական տարածքում: Այս ամենն անհապաղ միջոցներ է պահանջում՝ ուղղված իրավիճակի կայունացմանն աշխարհում:

Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներս, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը՝ շեշտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այդ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ուղղությամբ աշխատանքի շուտափույթ ավարտելու կարևորությունը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, ազգերի ինքնորոշման իրավունքին և իրավահավասարությանը

Նշում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության սպառնալիքների զգալի աճը պայմանավորում է հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների հետագա կատարելագործման անհրաժեշտությունը: Ուստի հատկապես կարևորվում է ՀԱՊԿ համատեղ համալիր «Փոխգործակցություն-2014», «Անխախտ եղբայրություն-2014», «Ռուբեժ-2014» զորավարժությունների անցկացումը:

Հաստատում ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ՇՀԼ և այլ միջազգային ու տարածաշրջանային կառույցների հետ աշխատելու պատրաստակամությունը, այդ թվում նաև խաղաղապահության, ահաբեկչությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն, կազմակերպված հանցավորությանը, ապօրինի միգրացիային, մարդկանց առևտրի ու այլ արդիական մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ պետությունների ղեկավարները մտադիր են հետագայում ևս ամրապնդել ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգը՝ դիտարկելով այն որպես Կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն, ինչպես նաև Կազմակերպության պատասխանատվության գոտում կայունության ապահովման կարևորագույն գործիքներից մեկը: Խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ շրջանակներում կարևոր աշխատանք է կատարվել քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման և կատարելագործման ապահովման, ռազմական և ռազմատեխնիկական գործակցության խորացման, արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ուղղությամբ:

Բացի այդ ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինըՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ընթացքում հայտարարել է, որՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի Հայաստանում։

«Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ հումանիտար կենտրոնների ցանց, որոնցից առաջինը հաջորդ տարի կբացվի Հայաստանում, ավելի ուշ նմանատիպ կենտրոն կսկսի գործել Ղրղզստանում»,- նշել է ՌԴ նախագահը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գործընկերներին տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և մեր տարածաշրջանի ռազմականացումը:

«Մեր կողմից այսօր ընդունված փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերներին և գոյություն ունեցող հիմնախնդիրներին հավաքական և կոորդինացված արձագանքելուն: Վստահ եմ, որ դրանք կծառայեն ՀԱՊԿ զարգացման շահերին՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության՝ հավաքական հիմունքներով երաշխավորված անվտանգության ու խաղաղության պայմաններում:

Ելնում ենք նրանից, որ արտաքին քաղաքականության կոորդինացման մեխանիզմի հետագա ամրապնդման հարցերով որոշումների ընդունումը կնպաստի նաև մեր Կազմակերպության հեղինակության բարձրացմանը:

Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական գործակցության հաջորդական զարգացման գործում միանգամայն տեղին քայլ կլինի Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը: Նաև կցանկանայի նշել մեր պետությունների ռազմատեխնիկական գործակցության բարձրացման նպատակով ձեռնարկվող միջոցների կարևորությունը: Վստահ եմ, որ տեղեկատվական անվտանգության գծով փաստաթղթերի փաթեթը կծառայի այս ոլորտում մեր պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցության էական բարձրացմանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ գծով գործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը պատրաստ է ակտիվորեն գործակցել գործընկերների հետ՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների ապահովման:

ՀԱՊԿ մշտական խորհրդի ընդլայնված նիստում համաձայնեցվել է Հավաքական ավիացիոն ուժերի մասին նախագիծը: Ըստ կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի, ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի կազմում կընդգրկվեն կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի, ներքին գործերի մարմինների, ներքին զորքերի, անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման ոլորտի լիազորված մարմինների, ռազմատրանսպորտային ու հատուկ ավիացիոն կազմավորումները:

«Յուրաքանչյուր երկրից թռչող սարքերի քանակը, տեղակայման վայրերը, անձնակազմի քանակը հստակեցվում է: Որոշովել է փաստաթղթի նախագիծը ներկայացնել կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,-ասել է Զայնետդինովը:

Նա հիշեցրել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ «ՀԱՊԿ ուժերը պատրաստ են մասնակցել ցանկացած բարդության խաղաղապահ առաքելության: Սակայն իրադարձությունների զարգացման նման սցենար հնարավոր է միայն համատեղ որոշման արդյունքում ըստ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ գործող համաձայնագրերի»:

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:

Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:

ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար:

ՀԱՊԿ շրջանակում 2001թ. ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից: Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում:

Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար:

2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին:

2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար:

2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանը հեռանկարում եւս կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---