ՀՀ-ն միացել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքներին սատարող հայտարարությանը

ՀՀ-ն միացել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքներին սատարող հայտարարությանը

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Ռուսաստանի, Վատիկանի և Լիբանանի նախաձեռնությամբ ընդունվել է 65 պետությունների «Հօգուտ մարդու իրավունքների. քրիստոնյաների և այլ համայնքների, մասնավորապես Մերձավոր Արևելքում» համատեղ հայտարարությունը: Այս փաստաթուղթը մարտի 2-ին Ժնևի Ազգերի պալարտում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդաժողովի տրամաբանական շարունակությունը դարձավ, որը քաղաքական խթան է աշխարհում քրիստոնյաների իրավուքների պաշտպանությանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայտարարությանը հիմնական հեղինակներից բացի միացել են Ավստրալիան, Ավստրիան, Ալբանիան, Անդորան, Արգենտինան, Հայաստանը. Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Բոսնիան ու Հերցոգովինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Վենեսուելան, Հունգարիան, Հաիթին, Գվատեմալան, Գերմանիան,Հոնդուրասը, Հունաստանը, Դանիան, Զամբիան, Իսրայելը, Իրաքը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Կոնգոն, Կուբան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մակեդոնիան, Մալին, Մալթան, Մոնակոն, Նիդերլանդները, Նորվեգիան, Պանաման, Պարագվայը, Պերուն, Լեհաստանը, Պորտուգալիան, Կորեայի Հանրապետությունը, Ռումինիան, Սալվադորը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Սիրիան, Սոմալին, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Ֆիլիպինները, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան, Էստոնիան ու Ճապոնիան:

Փաստաթղթում լուրջ մտահոգություն է հայտնվում աշխարհում քրիստոնյաների վիճակի վերաբերյալ, հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ տարբեր հավատքի մարդիկ ստիպված են լքել իրենց ավանդական բնակության վայրերը: Իսկ ով մնացել է ծայրահեղականների կողմից վերահսկվող շրջաններում, հաշվեհարդարի ու հալածանքների մշտական սպառնալիքի պայմաններում է ապրում: Նշվում է, որ քրիստոնյաները և մյուս կրոնական համայնքների ներկայացուցիչները, բարբարոսական բռնության են ենթարկվում. Նրանց վտարում են իրենց տներից ու հայրենի հողից, ստրկության են վաճառում, սպանում են, գլխատում ու ողջակիզում: Գնալով աճում են լուրջ մտավախությունները Սուրբ հողում քրիստոնյաների 2-հազարամյա ներկայության հետագա ճակատագրի համար: Փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանը սատարել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պատմական գոյատևմանը, ինչպես նաև հաստատել հավատարմությունը մարդու իրավունքների պահպանմանը, մասնավորապես, դավանանքի ազատությանը, որն ամրագրված է հիմնարար միջազգային փաստաթղթերում:

Ռուսաստանը կշարունակի համաշխարհային հանրության հավաքական ջանքերի համախմբումը քրիստոնյաներին պաշտպանելու համար:

Նախօրեին Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչները նոր գրոհներով են սպառնացել Փարիզին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը զբաղվում է իսլամիստական ռեսուրսների դիտարկումով:

«Մենք Փարիզն ենք ուզում, իսկ հետո՝ Հռոմը»,-բերում է կազմակերպությունը ԻՊ մամուլի քարտուղար Աբու Մուհամմեդ ալ Ադնանի խոսքերը:

Գրոհայինների ներկայացուցիչները խոստացել են նաև, որ շուտով ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձելու են Սաուդյան Արաբիայից հետ բերել Մեքքան ու Մեդինան, իսկ հետո կանցնեն Իրանին:

Օրերս իսլամիստ գրոհայինները պայթեցրին Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին իրաքյան Մոսուլում: Քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է ամենամեծն ու ամենից շատ հետևորդներ ունեցող եկեղեցիներից մեկը:

Ըստ ստացված տեղեկությունների՝ եկեղեցին պայթեցվել է մարտի 9-ին: Ծայրահեղականներն ավերել են նաև հարևանությամբ գտնվող մի քանի բնակելի շինություն, ինչպես նաև բարեգործական օգնության բաշխման համար նախատեսված տարածքը:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում նաև քրիստոնեական գերեզմանոցը: Պայթյունից հետո գերեզմանատան վիճակի մասին որևէ տեղեկություն չի ստացվել: Մոսուլը ԻՊ ահաբեկիչների հսկողության տակ է գտնվում 2014-ի հունիսից: Այդ ընթացքում ոչնչացվել են մի շարք պատմական հուշարձաններ ու կոթողներ:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---