ԱԳ նախարար. Շանտաժով և ուժ կիրառելու սպառնալիքով՝ Բաքվի քաղաքականությունն անհեռանկար է

ԱԳ նախարար. Շանտաժով և ուժ կիրառելու սպառնալիքով՝ Բաքվի քաղաքականությունն անհեռանկար է

PanARMENIAN.Net - Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հաճախ են քննադատվում, Հայաստանում նրանց երբեք անտեղի չենք քննադատում, որովհետև եթե հրավիրել ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներին միջնորդելու, ապա պետք է գնահատենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում նրանց ներդրած ջանքերը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Այստեղ միջնորդների մեղավորությունը չկա, իսկ հարցը կայանում է նրանում, թե ինչպես են կողմերն իրենք վերաբերվում կարգավորման այն առաջարկներին, որոնք նրանց ներկայացնում են միջնորդները։ Ադրբեջանական կողմը սկզբունքորեն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գրեթե բոլոր առաջարկները ինչպես հիմնահարցի լուծման, այնպես էլ՝ վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ։ Ընդ որում, դիմելով շանտաժի և սպառնալով ուժ կիրառել՝ Բաքուն երբեմն խոսքից անցնում է գործի։ Սա անհեռանկար քաղաքականություն է։ Ս.թ. հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հատուկ հայտարարության մեջ մտահոգություն հայտնեցին բանակցային գործընթացի և Մինսկի խմբի համանախագահների դերի վերաբերյալ Բաքվի կողմից հնչող քննադատության կապակցությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին հարգել հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունները», - ասել է նախարարը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերին, Նալբանդյանը նշել է.« Մենք բարձր ենք գնահատում ՌԴ միջնորդական ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Պետք է նշել, որ հենց շնորհիվ Ռուսաստանի ջանքերի, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի տքնաջան աշխատանքի՝ 21 տարի առաջ հաջողվեց հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը։ Չնայած ադրբեջանական կողմի բոլոր փորձերին՝ ձախողելու այն, 1994-ի մայիսի 12-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնությունը կողմերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, հնարավորություն տվեց թևակոխել հիմնահարցի քաղաքական կարգավորման փուլ։ Համանախագահները՝ Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ, նախաձեռնեցին հարյուրավոր հանդիպումներ՝ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով։ Բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել նաև եռակողմ՝ ռուս-հայ-ադրբեջանական ձևաչափով»:

ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանը՝ համանախագահների հետ համատեղ, կշարունակի ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։

Իսկ հայ-ռուսական հարաբերությունների ժամանակակից փուլը գնահատելու ռուսական լրատվական գործակալության առաջարկին պատասխանելով, նախարարը նշել է, որ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը ՀՀ անվտանգության ապահովման կարևոր գործոն է հանդիսանում: ՌԴ-ն ՀՀ առաջին տնտեսական և առևտրային գործընկերն է, ինչպես նաև՝ հայկական արտադրանքի իրացման գլխավոր շուկան. ապրանքաշրջանառությունը 2014-ին գերազանցել է 1,4 մլրդ դոլարը։ Ռուսաստանը նաև առաջին ներդրողն է Հայաստանում՝ ռուսական կապիտալի ներդրումների ծավալը ՀՀ տնտեսությունում հասնում է 4 մլրդ դոլարի։

Նալբանդյանը, պատասխանելով հայ-ռուսակական հարաբերություններում տարաձայնություններ, չլուծված խնդիրների մասին հարցին, նշել է. « Հաշվի առնելով հարաբերությունների հսկայական ծավալը՝ հարցեր, իհարկե, կարող են լինել։ Բայց դրանք լուծվում են այնպես, ինչպես պետք է լուծվեն դաշնակիցների միջև»: Ապրիլի 7-8-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Արտգործնախարարները հանդիպման ժամանակ քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առաջիկայում ՀՀ կատարելիք այցի օրակարգը, արցախյան հիմնախնդիրը և գործակցության այլ ոլորտներ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---