ՌԴ ԱԳ նախարար. Մոսկվան ակտիվորեն կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ՌԴ ԱԳ նախարար. Մոսկվան ակտիվորեն կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Մոսկվան կնպաստի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման մասին փաստաթղթերը կյանքի կոչվեն: Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մարգարիտա Սիմոնյանի, Ալեքսեյ Վենեդիկտովի և Սերգեյ Դորենկոյի հետ զրույցում` «Սպուտնիկ», «Էխո Մոսկվի» և «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանների ուղիղ եթերում:

«Մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի հանգուցալուծվի ղարաբաղյան հակամարտությունն ու այդպիսով կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մենք դրա համար շատ բան ենք անում»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ նրա, Ռուսաստանը մի քանի տարի առաջ սատարեց Անկարայի և Երևանի նախաձեռնությամբ սկսված գործընթացին, որն ուղղված էր սահմանների բացմանը, փոխադարձ ճանաչմանը, գործակցության զարգացմանը: «Ցավոք, փաստաթղթերը ստորագրվեցին, բայց ուժի մեջ չմտան, որովհետև այս փուլում Թուրքիայում չստացվեց վավերացնել դրանք: Սակայն մենք ակտիվորեն կնպաստենք, որ դա տեղի ունենա»,-ասել է Լավրովը:

Մինչդեռ հայտնի դարձավ նաև, որ ապրիլի 24-ին Ռուսաստանի Պետդուման կարող է հայտարարություն ընդունել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Պետդումայում ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հայտնել է Պետդումայի պաշտոնաթերթը:

2015-ի փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին,: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---