Լյուբով Կազարնովսկայան հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում». Երգչուհին դա անվանել է «մեծ հիմարություն»

Լյուբով Կազարնովսկայան հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում». Երգչուհին դա անվանել է «մեծ հիմարություն»

PanARMENIAN.Net - Ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկան Ադրբեջանի ԱԳՆ կողմից ներառվել է Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է երկրի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Անցած շաբաթ երգչուհին վարպետության դասեր է անցկացրել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ու երգչախմբի հետ լսումներ կազմակերպել:

«Լյուբով Կազարնովսկայան, խախտելով «Ադրբեջանի պետական սահմանի մասին» օրենքը, այցելել է Հայաստանի կողմից երկրի օկուպացրած տարածքներ։ Օպերային երգչուհու անունը կընդգրկվի Ադրբեջանում ոչ ցանկալի մարդկանց ցանկի մեջ»,- ասել է Գադջիևը, մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երգչուհին ի պատասխան նշել է, որ Ղարաբաղում ձգտում են խաղաղության և հարգում են մշակույթը՝ հավելելով, որ ավելի մեծ հիմարություն, քան իր անունը «սև ցուցակում» ընդգրկելն էր, հնարավոր չէր մտածել։

«Ես գնացել եմ Լեռնային Ղարաբաղ մշակութային առաքելությամբ։ Այնտեղ մարդիկ չեն ցանկանում ոչ մի պատերազմ, նրանք ցանկանում են խաղաղություն, ցանկանում են երեխա ծնել, ցանկանում են, որ հնչի երաժշտությունը։ Դուք չեք կարող պատկերացնել՝ որքան սեր, ուրախություն ենք մենք այնտեղ ստացել։ Մարդիկ գոռում էին՝ շնորհակալություն երաժշտության համար», - ասել է Կազարնովսկան:

Նրա խոսքով՝ երջանիկ է, որ Մոնսերատ Կաբալյեի հետ միասին հայտնվել է Ադբեջանի «սև ցուցակում»։

Աշխարհահռչակ իսպանացի սոպրանո Մոնսերատ Կաբալիեն 2013-ի ամռանը այցելել է Արցախ: Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել էր աշխարհահռչակ սոպրանոյի համերգը: 2013-ի դեկտեմբերին Փարիզում Կաբալիեի նոր «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսն էր, որին ներկա է եղել Բակո Սահակյանի գլխավորած Արցախի պատվիրակությունը:

«Մարդկության ոգին քաղաքականությունից, ագրեսիայից դուրս է, երաժշտությունը աստվածային պատգամ է», - ասել է Կազարնովսկան՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ԼՂՀ-ում հերթական ծրագիր իրականացնել՝ Վերդիի «Ռեքվիեմը», որը կմիավորի տարբեր երկրների մշակույթները:

Ադրբեջանական իշանությունները պաշտոնապես արգելում են այն անձանց մուտքը երկրի, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ: 2013 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---