Նախագահը՝ ՃՈ-ում. Տարբերակել կոպիտ խախտումները չնչիններից, վերանայել «հատուկ համարանիշներով» մեքենաների թիվը

Նախագահը՝ ՃՈ-ում. Տարբերակել կոպիտ խախտումները չնչիններից, վերանայել «հատուկ համարանիշներով» մեքենաների թիվը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության խմբի ղեկավար Արմեն Սաքապետոյանը, Սեքյուրիթի դրիմ ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը:

«Բոլորդ հիշում եք, որ երբ սկսեցին տեղադրվել տեսախցիկները, այդ թվում՝ նաև արագաչափերը, միանգամից նշված սարքավորումների գրանցումներն այնքան շատ էին, որ ոմանց մոտ տարակուսանք առաջացավ: Բայց մասնագետներն ասում էին, որ շատ կարճ ժամանակաշրջանում այդ թիվն անկում կապրի, և այդպես էլ եղավ: Որոշ ժամանակ հետո 70%-ով կրճատվեցին գրանցումները, իսկ դա վկայում է այն մասին, որ եթե ոչ 70%-ով, ապա զգալիորեն կրճատվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները», - ասել է նախագահը:

Միչաժամանակ, նա շեշտել է, որ այդ գործընթացն այնպիսին է, որ եթե ամենօրյա ուշադրություն չդարձնել՝ ձեռքբերումները կարող են կարճ ժամանակում ի չիք դառնալ, և արդյունքում կունենանք զուտ տուգանքներ հավաքելու նպատակ: Դրանից խուսափելու համար, ըստ Սարգսյանի, պետք է կարողանալ տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, և նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց:

«Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ: Չնչին խախտումներ ասելով՝ ես նկատի ունեմ առաջին հերթին, օրինակ, այսպես ասած, այդ հոծ գծերի տրորումը: Նույն ուղղությամբ շարժվող մեքենաների համար նախատեսված հատվածում մինչև խաչմերուկ հասնելն այդ հոծ գծերը տրորելը այդքան շատ մեծ խախտու՞մ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, մասնագետների հետ պետք է խորհրդակցել, տեսնել, արդյո՞ք մեր ճանապարհներին, մեր մայրուղիներին մենք մոտեցել ենք ուշադիր և այդ բոլոր գծանշաններն արել ենք կարգուկանոնով և հարմարավետություն ապահովելու համար, թե՞ ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն», - ասել է նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, որ մարդկանց պետք է նյարդայնացնի, երբ իրենք կանգնած են ավտոմեքենաների շարքում և հանկարծ կողքից ինչ-որ մեքենաներ մեծ արագությամբ շարժվում են ու այդ մեքենաները հաճախ կոչվում են, այսպես ասած, օպերատիվ մեքենաներ, մեքենաներ, որոնք արտոնություն ունեն, և ի զարմանս ինձ՝ այդ մեքենաների թվում շատ են արտասահմանյան համարներով մեքենաները:

«Արտասահմանյան համարներով մեքենաներն ինչո՞ւ պետք է արտոնություն ունենան մեր երկրում: Ի՞նչն է պատճառը, կամ երկրում ինչո՞ւ պետք է այդքան շատ լինեն, այսպես ասած, օպերատիվ ավտոմեքենաները, կամ օպերատիվ համարանիշներ ունեցող ավտոմեքենաները: Ի՞նչ է՝ մենք այդքան օպերատիվ աշխատողնե՞ր ունենք, և ամեն օպերատիվ աշխատող անպայման պետք է այդպիսի մեքենայո՞վ շարժվի: Պարզ է, որ սա մարդկանց պետք է նյարդայնացնի, սա շատ ակնհայտ է չէ՞: Եթե բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները կամ ընտանիքի անդամները երթևեկում են այնպիսի ավտոմեքենաներով, որոնց համարանիշները վերցված են մեկ այլ մեքենաներից, անհասկանալի է», - ասել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ այս խնդիրներն ուսումնասիրելու համար ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը դեռևս հունիս ամսին հանձնարարել էր ամբողջական ուսումնասիրություն անցկացնել և ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները:

Ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է նախագահի հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված թվային տվյալները, նաև՝ ընտրանքային հետազոտությունների հիման վրա քննարկվող ոլորտում արդիական խնդիրների ուղղություններն ու դրանց շտկման ուղիները:

«Հայտնի է, որ ոչ էական խախտումների արձանագրումը և տուգանումը, ինչպես նաև տուգանքների բողոքարկման կարգից բխող անհարմարությունները, տեխնիկական խնդիրների պատճառով կրկնակի տուգանումները վարորդների շրջանում շատ քննարկվող և մեծ խնդիրներ են առաջացրել, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, ինչը հաստատվում է նաև մեր ուսումնասիրությունների արդյունքներով»,- զեկույցում ասել է Հովսեփյանը:

Ներկայացված ուսումնասիրությունների արդյունքներով խորհրդակցության ժամանակ նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Ապահովել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման և վերանայման գործընթացի դյուրացումը՝ ներդնելով նաև բողոքարկման էլեկտրոնային համակարգ:

Համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ սահմանել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի (ծանուցման, վճարման, գանձման) առանձնահատկություններ:

Վերացնել ՃՈ ռեգիստրում առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաև համապատասխան իրավական ակտով սահմանել ՃՈ ռեգիստրից օգտվողների և փոփոխություններ կատարողների լիազորությունների շրջանակը:

Վերանայել «Հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը, բացառելով համապատասխան մարմինների վարչատնտեսական և տեխնիկական աշխատանքներում ներգրավված ավտոմեքենաների հետագա շահագործումը, որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ:

Ապահովել պետական մարմիններին հատկացված և չհաշվառված համարանիշների հաշվառումը:

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը և ՀՀ ԿԲ-ին հանձնարարվել է մշակել, ներկայացնել 1-ին կետում նախատեսված հանձնաժողովի քննարկմանը և ներդնել ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգ:

ՀՀ ոստիկանությանը և Օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմիններին հանձնարարվել է բացառել օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրման, ինչպես նաև իրավասու անձանց կողմից այդ համարանիշների ոչ նպատակային օգտագործման դեպքերը:

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է օրենսդրությամբ կանոնակարգել վարչական ակտերի առաքման փոստային հասցեներում փոփոխություն կատարելու կարգը, բացահայտել առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը և իրավական գնահատական տալու նպատակով նյութերը ներկայացնել ՀՀ քննչական մարմիններին:

ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարվել է բացահայտել արտասահմանյան գրանցում ունեցող մեքենաների առանց մաքսային ձևակերպման ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերը և ապահովել նման հնարավորության բացառումը:

ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ապահովել ՀՀ ժամանող ոչ ռեզիդենտների ծանուցումը՝ տեսալուսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման և դրանց հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև քննարկել ՀՀ մաքսային սահմանը ավտոմեքենաներով հատող քաղաքացիների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային մարմիններում առկա տեղեկատվությունը ՀՀ ՃՈ էլեկտրոնային համակարգին փոխանցելու և էլեկտրոնային համակարգերը միմյանց ինտեգրելու հարցը և ապահովել դրա իրականացումը:

2014-ի հուլիսի 26-ից ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

2014-ի մարտի 27-ի նիստում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ տուգանքների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում է և շատ հաճախ դժգոհությունների տեղիք է տալիս։ Նա առաջարկել էր աշխատանքային խումբ ստեղծել, որը կպատասխանի հետևյալ հարցերին․ Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչափ են արդյոք օրենսդրությամբ նկարագրված դեպքերը, երբ կիրառվում են տուգանքներ, օրենսդրության մեջ կա՞ն բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան և միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերը, որ կիրառվում են ՀՀ-ում, արդար են: Աշխատանքային խումբը գլխավորում էրարդարադատության նախարարությունը՝ ներառելով դրանում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոնք են, այդ խախտումների քանակը, տուգանքների չափը և արդյունքների մասին զեկուցենք նաև հանրությանը, ինչպես նաև ներկայացնենք օրենսդրական առաջարկություններ։

Ապրիլի սկզբին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով մասնավորապես առաջարկվել էր տուգանքները թեթևացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»: Առաջարկվում էր նաև վերացնել չվճարված տուգանքների եռապատկման և հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---