Պատմաբան. Հայերը պետք է հեռանան Սիրիայից՝ տանելով հայկական մշակութային արժեքները

Պատմաբան. Հայերը պետք է հեռանան Սիրիայից՝ տանելով հայկական մշակութային արժեքները

PanARMENIAN.Net - Սիրիահայերը պետք է հեռանան այդ երկրից և այնտեղից տեղափոխեն հայկական մշակութային արժեքները: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին ասել է սիրիահայ պատմաբան Գևորգ Յազիչյանը։

Նրա խոսքով` կոնկրետ վիճակագրություն չկա, սակայն Հայաստանում ընդհանուր առմամբ ապաստան են գտել 16.000 սիրիահայեր, Լիբանանում` մոտ 15.000, ևս 40.000-ը շարունակում է մնալ Սիրիայում,գրում է «Sputnik-Արմենիա»-ն:

«Շատ սիրիահայ երիտասարդներ հեռանում են Սիրիայից, քանի որ չեն ցանկանում մասնակցել այդ պատերազմին, որը կապ չունի հայ ժողովրդի հետ: Հայերը ցանկացած իրավիճակում պետք է առաջնորդվեն սեփական շահերով», նկատել է Յազիչյանը՝ հավելելով, որ սիրիահայերն այնպիսի հզոր հարված են ստացել, որ այլևս չեն կարողանա վերադառնալ և ապրել այնտեղ. նրանք կարողացել են ապաստան գտնել և դասավորել սեփական կյանքը ուրիշ երկրներում։

Անդրադառնալով Սիրիայից Հայաստան տեղափոխված դպրոցականներին, նա նշել է, որ երեխաները բախվում են լեզվական խնդիրների հետ։ Հատկապես դժվարություններ են ծագում մաթեմատիկայի և քիմիայի հետ։

«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս ամենին, ամռանը կազմակերպի հատուկ պարապմունքներ այդ երեխաների համար», – առաջարկել է Յազիչյանը։

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական հանրապետությունից հեռացել է 10.000 հայ:

«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման առաջխաղացման ֆոնին Մերձավոր Արևելքի քրստոնյա բնակչությունը տառապանքներ է կրում: «Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի: 2014-ի ամռան սկզբին ԻՊ զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Ահաբեկիչները իրենց ճանապարհին ոչընչոցնում են նաև քրիստոնեական հնագույն հուշարձանները: Պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են: Սիրիայում կառավարական զորքի ջանքերին հակառակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն Պալմիրա քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել են ապահով վայրեր, սակայն խմբավորման զինյալները շարունակում են ոչնչացնել քաղաքի պատմական ժառանգությունը: Սիրիական ժառանգությանն ամենամեծ վնասներից մեկը պատմաբանները համարում են 715-ին կառուցված և 2013-ի ապրիլին ամբողջությամբ գետնին հավասարեցված Հալեպի Մեծ մզկիթը: Ալեքսանդր Մեծից մինչև հռոմեական, մոնղոլական և օսմանյան իշխանությունները հասածՀալեպի միջնաբերդի որոշ հատվածներ օգտագործվում էին որպես ռազմաբազա. ոչնչացվել են 2012-ի օգոստոսին: Ապրիլի սկզբին տեղեկություն տարածվեց, որ իսլամիստներն ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը՝ ժամանակակից Իրաքի հյուսիսում: Մարտի սկզբին ԻՊ զինյալները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորականՆեմրութ քաղաքի ավերակները: Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10 հազար գիրք: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից: Մարտի 11-ին իսլամիստները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին։ 2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել ենԴեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: 2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Թալ Աբրիադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---