Ուորլիք. ԼՂ հակամարտությունը սառեցված չէ, կողմերը ցանկանում են լուծել հարցը բանակցություններով

Ուորլիք. ԼՂ հակամարտությունը սառեցված չէ, կողմերը ցանկանում են լուծել  հարցը բանակցություններով

PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտությունը սառեցված չէ, հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը բարձր է:

«Մենք մտահոգված ենք, որ կողմերը ծանր հրետանի են օգտագործում: Դա անընդունելի է: Մտահոգված ենք նաև խաղաղ բնակչության շրջանում կորուստների առնչությամբ և կոչ ենք արել կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ կանխելու նման բռնությունը», - ասել է Ուրլիքը:

Միաժամանակ, համանախագահը նշել է, որ հավատում է, թե կողմերը ցանկանում են հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով:

Նրա խոսքով, հանուն իրադրության կայունացման, ԵԱՀԿ-ն շարունակում է քննարկումները վստահության հաստատման ու կողմերի միջև բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտի ստեղծման նպատակով:

Ուրլիքը հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրանի ժամանակ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը նախ և առաջ քննարկելու են լարվածության թուլացման ու հրադադարի ռեժիմի պահմանպանն առնչվող հարցեր:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանըսեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք։

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Նյու Յորքում Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ համանախագահները անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳՎ նստաշրջանում՝ երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման նպատակով: Ըստ նրա, ընթացիկ տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվել է առաջընթացի հասնել բանակցություններում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման որոշ տարրերի շուրջ և նվազեցնել լարվածությունը ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծում: «Հուսով ենք, որ նախագահները կհամաձայնվեն հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները կքննարկեն այդ ծրագրերը երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ ՄԱԿ ԳՎ նստաշրջանի շրջանակում: Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը», - ասել է դիվանագետը:

Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էր: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ էր պահում Տավուշի մարզը:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից այնտեղ պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր էր տվել նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել էին պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: Դեռ մայիսին հայտնի դարձավ, որ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:

Կարդացեք նաև՝Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի նախագահները ցանկանում են արագացնել բանակցությունները

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---