Հայերի, քրդերի և ալևիների համատեղ բողոքի ցույցը Ստրասբուրգում` Էրդողանի դեմ

Հայերի, քրդերի և ալևիների համատեղ բողոքի ցույցը Ստրասբուրգում` Էրդողանի դեմ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ժամանելով Ստրասբուրգ, հանդիպել է քաղաքի թուրքական համայնքի հետ, որը հանրահավաքի էր դուրս եկել «Միասնական ճակատով` ընդդեմ ահաբեկչության» կարգախոսով:

Ըստ Euronews-ի, Էրդողանը Թուրքիայի հիմնական խնդիրն է համարել Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ու Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը: «Նրանք ոչ մի դեպքում չեն կարող համարվել մեր քուրդ եղբայրների ներկայացուցիչները»,-ասել է Էրդողանը` կոչ անելով արտերկրում բնակվող հայրենակիցներին սատարել իր գլխավորած կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում: Ընտրությունները նախանշված են նոյեմբերի 1-ին, սակայն արտերկրի համայնքները կարող են քվեարկել արդեն հոկտեմբերի 8-ից սկսած:

Շենքի առջև, որտեղ ելույթ էր ունենում Էրդողանը, նաև բողոքի ցույց տեղի ունեցավ Էրդողանի դեմ, որին մասնակցեցին հազարավոր մարդիկ` քրդեր, թուրքեր, այլ ազգությունների ներկայացուցիչներ: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, Ֆրանսիայի ալևիների միության և Գերմանիայի ալևիների միության նախաձեռնած հանրահավաքին մասնակցել է մոտ 57 կազմակերպություն: Ցուցարարները դիմավորել են Էրդողանին «գող», «մարդասպան» և «Էրդողան հեռացիր» վանկարկումներով: Ֆրանսիայի ալևիների միության ղեկավար Հուսեյն Մաթը մասնավորապես հայտարարել է, որ Էրդողանը, որը քաոս սերմանեց Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, այժմ էլ փորձում է այն տարածել Եվրոպայում:

Ակցիային մասնակցել են նաև հայ համայնքի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես «Հայորդի» երիտասարդական միության անդամները: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ակցիայի մասնակից Թոմ Հակոբյանը, նրանք պահանջել են անհապաղ դադարեցնել ճնշումները` ներկայիս Թուրքիայի հանրապետությունում բնակվող հայերի նկատմամբ և վերջ տալ թուրք-քրդական բախումների ֆոնին հնչեցվող հակահայկական ռասիստական արտահայտություններին:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չկարողացավ և ստիպված էր կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---