Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների նախնական ցուցակները հայտնի են

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների նախնական ցուցակները հայտնի են

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:

Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Ոստիկանությունը հայտնում է, որ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 2015-ի դեկտեմբերի 1-ը դրանք վերացնելու համար քաղաքացիները կարող են դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 2015-ի դեկտեմբերի 2-ը բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015-ի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է թեժ գիծ ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով:

Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

Կարդացեք նաև՝ ԱԺ հանձնաժողովը կողմ է նույնականացման քարտով քվեարկության իրավունք տվող օրինագծին

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---