Ընտրախախտումների 143 դեպքով նյութեր են պատրաստվում, 214-ով՝ քրգործեր են հարուցվել

Ընտրախախտումների 143 դեպքով նյութեր են պատրաստվում,  214-ով՝  քրգործեր են հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնացրել է բոլոր ջանքերը՝ ՀՀ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, մասնավորապես քվեարկության ընթացքում կատարված ընտրախախտումների կամ հանցագործությունների վերաբերյալ բողոքները բացահայտելու, դրանց ընթացք տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Գլխավոր դատախազը շեշտել է, որ հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների կենսական նշանակությունը երկրի համար, որոնք, նրա խոսքով, ըստ էության, ապահովում ու երաշխավորում են հետագա սերնդի, ամբողջ երկրի ապագայի հարցերը, իրավական ամբողջ համակարգը ձեռնարկել ու ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, գրում է Tert.am-ը:

Ուստի, գլխավոր դատախազի համոզմամբ, շատ ժամանակ՝ անկախ նրանից ստացված նյութերն իրենց մեջ պարունակում էին հանցագործության մասին հաղորդում, թե ոչ, բավարար էին կամ ոչ, ուղղվել են, բաշխվել են ոստիկանության, Քննչական կոմիտեի, Հատուկ Քննչական ծառայության քննիչների միջև՝ ընթացքն ապահովելու համար:

Հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների ընդհանուր թիվը, գլխավոր դատախազի փոխանցմամբ, 461-ն է, որոնցից 143-ով նախապատրաստվել են նյութեր, դրանցից 12-ն ուղարկվել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգման նպատակով, 214-ով հարուցվել են քրեական գործեր, 189 ահազանգի վերաբերյալ կայացվել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ստացված խախտումներից 82-ը ներկայացվել են քաղաքացիների կողմից, 55-ը իրավապաշտպան կազմակերպությունների, ՀԿ-ների կողմից, իսկ 30-ը՝ դիտորդների: Մնացածը 300-ը կազմվել են գլխավոր դատախազության կողմից՝ տարբեր կայքերից հանված նյութերի առնչությամբ:

Դատախազը նկատել է, որ այս թվերը վերջնական չեն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ ընտրախախտումների մասին տեսանյութերի մեծ մասը մոնտաժված են եղել, ուղղորդել է իրենց, թե՝ ոչ, Կոստանյանը պատասխանել է, որ Որևէ մեկը չի կարող ուղղորդել գլխավոր դատախազությանը:

«Ես անկեղծ ասած չեմ լսել նման հայտարարություն, չեմ էլ կարծում, որ նման հայտարարություն կարող է լինել: Նման հետևություններ հնարավոր է անել բացառապես համապատասխան փորձաքննությունների արդյունքում: Որևէ մեկը, այդ թվում ես, չենք կարող խոսել մոնտաժված լինել- չլինելու մասին»,- ասել է դատախազը:

2015-ի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողով ստացել է թվով 78 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ: Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողով ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ: Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

Կարդացեք նաև՝ ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին. Ընտրախախտումների 67 ահազանգ են ստացել

ԵՄ-ն ընտրախախտումների մասին հաղորդումների թափանցիկ քննության կոչ է անում

ԱՄՆ դեսպանություն. Ընտրախախտումների մասին մտահոգիչ հաղորդումները պետք է հետաքննվեն

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---