ՀՀ-ԵՄ բանակցությունների 2-րդ փուլում նախանշվել է հետագա քննարկումների շրջանակը

ՀՀ-ԵՄ բանակցությունների 2-րդ փուլում նախանշվել է հետագա քննարկումների շրջանակը

PanARMENIAN.Net - Բրյուսելում փետրվարի 17-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳ-ն:

Բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։

«Այս, ինչպես նաև ապագա համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի շուրջ ավելի վաղ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին նույն օրվա վերջում կայացած լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվել է գրանցված առաջընթացը և նախանշվել է ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը», - ասված է հաղորդագրությունում։

Կողմերը կարևորել են համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի միջև աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---