Ստամբուլում հայ կնոջ սպանության համար մեղադրվող Նազարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Ստամբուլում հայ կնոջ սպանության համար մեղադրվող Նազարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել

PanARMENIAN.Net - Ստամբուլի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում ավարտվել է 2012-ի դեկտեմբերին սպանված տարեց հայուհի Մարիցա Քյուչուքի գործով դատավարությունը, և մեղադրյալ Մուրադ Նազարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել։

Իր վերջին խոսքում Նազարյանը դարձյալ հերքել է իր կապն այդ սպանության հետ։

«Ես մինչ այսօր որևէ մեկի հետ անգամ կռիվ չեմ արել, այնինչ սպանության մեջ եմ մեղադրվում։ Ինձ առաջադրված մեղադրանքը ես չեմ իրականացրել։ Պահանջում եմ, որ ինձ ազատ արձակեն»,-ասել է նա, Haberler-ին հղումով գրում է Tert.am-ը:

Դատավճիռը չի գոհացրել Մարիցա Քյուչուքի դստերը՝ Պայծառ Միդիլլիին։ «Բերանդ չբացեցիր, չխոսեցիր, այժմ մենք ի՞նչ պետք է անենք։ Ամեն ինչ նրա վրա մնաց»,-ասել է նա։

Դատական նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև Քյուչուքների ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը։ «Մեղադրյալին վախեցնում էին, չխոսեց։ Քանի որ ապացուցվել է, որ նա այս դեպքի միակ կասկածյալը չէ։ Ակնհայտ էր, որ նա միայնակ չի գործել, սակայն կասկածյալը չխոսեց»,- ասել է Քեսքինը։

2012-2013-ին Ստամբուլի Շիշլի և Ֆաթիհ թաղամասերում միայնակ ապրող 4 տարեց կանայք հարձակման էին ենթարկվել, որոնցից 85-ամյա Մարիցա Քյուչուքը սպանվել էր (նրամարմնին արյունով խաչ էր պատկերված):

Դեպքից հետո ձերբակալվել էր ազգությամբ հայ Մուրադ Նազարյանը, ում հոգեկան առողջության մասին բազմաթիվ մտահոգություններ էին հնչել, սակայն համաձայն դատական փորձաքննության արդյունքների՝ նա հոգեկան խնդիրներ չունի և կարող է պատասխանատվություն կրել իր քայլերի համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---