Հրազդան գետի վրայով նոր կամուրջ և ճանապարհ է կառուցվելու

Հրազդան գետի վրայով նոր կամուրջ և ճանապարհ է կառուցվելու

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և իտալական «Սերենիսիմա Կոստրուցիոնի» ընկերության միջև ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը, որն իրականացվելու է Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում:

Պայմանագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հաղթող ճանաչված ընկերության նախագահ Ալբերտո Բրենտեգանին:

Շինարարական պայմանագրի աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի և մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթևեկությամբ նոր ճանապարհի կառուցում: Կամրջի տակ տեղադրվելու է ջրի և նավթայուղերի մշտական զատիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝ 4-6 երթևեկելի գոտիներով: Աշխատանքների տևողությունը՝ 24 ամիս: Կառուցվող նոր ճանապարհահատվածում տեղադրվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան լուսադիոդային (LED) լուսատուներ: Առանձնակի կարևորելով նոր ճանապարհի կառուցումը` քաղաքապետն ընդգծել է, որ այն կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման հարցում:

«Սերենիսիմա Կոստրուցիոնի» ընկերության նախագահը, նշելով, որ առաջին անգամ են Երևանում աշխատանքներ իրականացնելու, վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և որակն էլ գոհացնի բոլորին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---