Աղաբեկյան. Հակառակորդն ուզում էր գրավել 2 ջրամբար ու ճանապարհը դեպի Մարտունի

Աղաբեկյան. Հակառակորդն ուզում էր գրավել 2 ջրամբար ու ճանապարհը դեպի Մարտունի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողությունների պատճառները կբացահայտեն և վերլուծությունները կանեն համապատասխան մասնագետները, սակայն, որպես նախկին հրամանատար և հակառակորդին ճանաչող մարդ ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը կարծիք է հայտնել, որ հակառակորդն ունեցել է հավակնոտ պլան: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը:

Նա նշել է, որ հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում, տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ խորությամբ՝ ռազմական գործողություններ վարելու համար: «Գոնե հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կարող էր տիրապետել ռազմավարական նշանակության տարածքների՝ Մատաղիսի ջրամբարին և Սարսանգի ջրամբարի ուղղությամբ ծավալեր իր գործողությունները: Հարավի ուղղությամբ նա պետք է դուրս գար ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դա Ջաբրայիլ-Ֆիզուլի ճանապարհն է, որը տանում է դեպի Մարտունի: Սակայն երկու ուղղությամբ էլ հակառակորդը ձախողեց, որովհետև առաջնագիծը վերցնելուց հետո ՊԲ ստորաբաժանումները շատ արագ անցել են պաշտպանության»,-ասել է նա

Արթուր Աղաբեկյանը պարզաբանել է, որ մարտը վարելու ժամանակ, երբ հակառակորդը տիրապետում է առաջնագծին, անմիջապես պետք է գործի դրվեն ստորաբաժանումներ, որոնք պետք է անցնեն հակահարձակման: Նա նշել է, որ եթե Պաշտպանության բանակը երկու ուղղությամբ անցներ հակահարձակման, հավանական է, որ ուժերը չբավականացնեին. «հակառակորդը պաշտպանության իր բոլոր ստորաբաժանումները ոտքի էր հանել, բացի ավիացիայից, և հարձակման անցնելու դեպքում հնարավոր է, որ ուժերը չբավականացնեին»:

Նրա խոսքով՝ ՊԲ գլխավոր հրամանատարը ճիշտ որոշում է կայացրել՝ անցնելով հակահարձակման` հյուսիսում դիրքերի վերականգնման ուղղությամբ:

«Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունն այդ մասին պետք է իմանա, որ հակառակորդի նպատակներից մեկն է եղել, որ ԼՂՀ ՊԲ-ն իր ձեռքի տակ եղած ողջ ստորաբաժանումները գործի դներ երկու ուղղությամբ՝ հյուսիսի ու հարավի, որպեսզի բաց մնար Ստեփանակերտ տանող կենտրոնական հիմնական ռազմավարական ուղղությունը: Եվ ՊԲ գլխավոր հրամանատարը շատ ճիշտ որոշում կայացրեց, ռեզերվների տեղաշարժ չիրականացրեց` ամբողջ բեռը թողնելով հյուսիսի ու հարավի տեղի ստորաբաժանումների վրա` դրանով խառնելով հակառակորդի խաղաքարտերը: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ ապրիլի 3-4-ին նկատելի էր, որ հակառակորդը ցանկանում է փորձեր անել` հիմնական հարվածի ուղղությամբ ճակատ բացել, բայց մեր հրետանին ուղղակի խեղդեց այդ փորձերը»,- ասել է Արթուր Աղաբեկյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---