Ադրբեջանական ԶՈւ-ն սադրանքի է դիմել Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում. ՊԲ-ն զոհ ունի

Ադրբեջանական ԶՈւ-ն սադրանքի է դիմել Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում. ՊԲ-ն զոհ ունի

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով:

Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում, ինչի արդյունքում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994-ի զինադադարի և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Սարգսյան-Ալիև հանդիպումը․ Մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կներդրվեն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---