ԱՄՆ վերլուծաբան. ՀՕՊ-ը կարող է բարդացնել ՀՀ և Թուրքիայի հաշտեցմանն ուղղված միջնորդների ջանքերը

ԱՄՆ վերլուծաբան. ՀՕՊ-ը կարող է բարդացնել ՀՀ և Թուրքիայի հաշտեցմանն  ուղղված միջնորդների ջանքերը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար գլխավոր տարածաշրջանը չէ: Գլխավոր սպառնալիքները ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար գալիս են Մերձավոր Արևելքից՝ ահաբեկչության տեսքով ու Ռուսաստանից՝ մերձբալթյան տարածքի համար: Այս մասին հայտարարել է Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի (ԱՄՆ) առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին, հայտնում է Tert.am-ը:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծմանը` Փոլ Սթրոնսկին ասել է, որ ՆԱՏՕ-ն չի դիտարկում Հայաստանը որպես սպառնալիք. «Ուստի ես չեմ համարում միավորված ՀՕՊ համակարգը՝ ՆԱՏՕ-ի անվտանգության խնդիրների խորացում»:

«Հաշվի առնելով թուրք-ռուսական հարաբերությունների վատթարացումը՝ Թուրքիան, իհարկե, գոհ չի լինի այս համակարգի ստեղծումից: Բացի այդ, սա գուցե բարդացնի միջնորդերի ջանքերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման և սահմանները բացելու ուղղությամբ: Չեմ կարծում, որ ՀՕՊ համակարգը կնպաստի Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշել է Սթրոնսկին:

Ըստ վերլուծաբանի, Հայաստանում մեծ հիասթափություն կա Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը համարում է Հայաստանը մի երկիր, որն «իր գրպանում է», բայց, նրա խոսքով՝ «հայերն ինձնից լավ գիտեն, թե ինչ առավելություններ ունեն Ռուսաստանի հետ կապերը անվտանգության ոլորտում»:

Փոլ Սթրոնսկին նշել է, որ այս տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար չի տեսնում: «Նրանցից որևէ մեկը, ըստ իս, հետաքրքրված չէ անդամակցությամբ: ՆԱՏՕ-ն ասում է, որ Դաշինքի դռները միշտ բաց են, բայց ՆԱՏՕ-ի շատ երկրներ շահագրգռված չեն դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ»,- ընդգծել է վերլուծաբանը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է անել այն, ինչ արել է վերջին տասնամյակների ընթացքում, այսինքն՝ շոշափել գործընկերային հարաբերությունները բոլոր երեք երկրների հետ: «Չնայած, որ վրացիներն ուզում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ես նման հնարավորություն մոտ ապագայում չեմ տեսնում: Այնուամենայնիվ, ես մեծ պատրաստություն և համագործակցություն եմ տեսնում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի առանձին երկրների, հատկապես ՝Միացյալ Նահանգների միջև անվտանգության ոլորտում»,- ասել է Փոլ Սթրոնսկին:

Սթրոնսկին նշել է, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանի պետությունները դիտարկում է որպես հնարավոր գործընկեր, այդ թվում՝ Վրաստանը, որը հավակնորդ է անդամ դառնալու: Միաժամանակ, Սթրոնսկին ասել է, որ ՆԱՏՕ-ում չկա և երբեք չի էլ եղել փոխհամաձայնություն Վրաստանի անդամակցության շուրջ: Իսկ Հայաստանը, վերլուծաբանի համոզմամբ, որպես Ռուսաստանի դաշնակից, որն ամուր կանգնած է Ռուսաստանի անվտանգության ուղեծրում, առաջվա պես կմնա փոխգործակցության համար հետաքրքիր:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ: Դիտարկվող Համաձայնագրով հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին: Հետևաբար` հայկական կողմն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի որ մասն է տրամադրելու համակարգին, կամ հետ վերցվելու նրանից: Նշված հարցում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը:

Ընթերցեք նաև. Օհանյան. ՀՕՊ համաձայնագրով ՀՀ-ն կկարողանա օգտագործել ՌԴ կործանիչներն ու Ս-300 համակարգերը

Շարմազանով. ՌԴ ՀՕՊ համակարգին միանալու համաձայնագիրը ՀՀ անկախության հաշվին չէ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---