ՌԴ ԱԳՆ. Պետք է հստակեցնել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված քայլերը

ՌԴ ԱԳՆ. Պետք է հստակեցնել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված քայլերը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է քննարկել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հետագա կոնկրետ քայլերը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա (հուլիսի 11-12) աշխատանքային այցով Բաքվում է:

«ՌԴ նախագահ Պուտինը բավարարված է Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ, նրա հանձնարարությամբ եմ այցելում երկու երկրների մայրաքաղաք»,-ասել է Լավրովը: «Հուսով եմ, որ այս հանդիպումը թույլ կտա հստակեցնել հետագա քայլերը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 4-ին, Երևանում մասնակցելով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի աշխատանքին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ է վարել հայկական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---