Արամ Ա. Անկախության 25 ամյակի շեմին Հայաստանի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ

Արամ Ա. Անկախության 25 ամյակի շեմին Հայաստանի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ հղած պատգամում անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին՝ հայ ժողովրդին կոչ անելով հեռու մնալ ներքին հակասություններ և բռնություններ առաջացնող տարատեսակ երևույթներից, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք խորը ընդվզումով և ցավով հետևեցինք Երևանում կատարված տխուր իրադարձություններին: Նկատի ունենալով, որ այդ դեպքերից հետո սա մեր առաջին պատգամն է՝ ուղղված մեր ժողովրդին, ինչպես նաև նկատի ունենալով, որ մեր ժողովրդի զավակները հետևում են մեր խոսքին՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի շարք մտահոգություններով: Ամենից առաջ ցանկանում եմ կարևորությամբ շեշտել, որ Հայաստանին, Արցախին և ընդհանրապես հայությանը հուզող հարցերի և մարտահրավերների նկատմամբ Սփյուռքը չի կարող սոսկ լսողի և դիտողի կրավորական վիճակի մեջ լինել: Սփյուռքը ասելիք և անելիք ունի»,- ասված է հայ ժողովրդին ուղղված Արամ Ա-ի պատգամում:

Նրա խոսքով, անկախության 25 ամյակի շեմին Հայաստանի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ, ուստի հարկավոր է լինել արթուն, խոհեմ և հեռատես: Արամ Ա-ն կոչ է արել զգույշ լինել թշվառություններն ու տագնապները վատագույն կերպով երկարացնելու մակերեսային, խաբուսիկ և վտանգալից մոտեցումներից:

«Մեր ժողովրդի միասնականությունը, որն առանցքն է ու հիմքը Հայաստանի, Արցախի և հայության հզորության, սկսելու է կամաց-կամաց տկարանալ, երբ տեսակ-տեսակ տագնապներով շանթահարվի մեր ժողովուրդը: Նման տագնապները կարող են մեր ժողովրդին և Հայաստանն առաջնորդել անկ անխատեսելի և անհաղթահարելի տագնապների: Եկել է զգաստության պահը, եկել է ինքնաքննության պահը՝ ինքնաքննական անկեղծ մոտեցմամբ: Եկել է գործնական քայլերի դիմելու ժամանակը, քանի որ վաղը կարող է ուշ լինել»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը` ընդգծելով, որ տնտեսական տագնապը կյանքի մեջ դառնում է աղբյուր տարատեսակ չարիքների:

Նաև ընդգծել է, որ Հայաստանը պետություն է իր Սահմանադրությամբ, օրենքներով և կարգ ու կանոնով, և անթույլատրելի է ժողովրդի ծով զոհողությամբ իր անկախությունը կերտած Արցախի վերաբերյալ երկդիմի ու լղոզված մոտեցումներ ունենալ, որոնք կարող են վերջին հաշվով խախտել Արցախի՝ արյունով կերտված անկախությունը: Արամ Ա-ն կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին. «Ես ցանկանում եմ, որ մեր հայրենի իշխանությունը իր շուրջը նայի: Կովկասում, Միջին Արևելքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են կատարվում, շահերի վերադասավորում է կատարվում, որոնք կարող են նպաստավոր չլինել Հայաստանի և Արցախի համար: Հետևաբար, պետք է միշտ արթուն լինել:

Այո, մեր ժողովուրդը վերքեր ու ցավեր ունի, պետք է դրանց ախտահանումը ճիշտ և շուտ կատարվի: Պետք է հեռու մնանք միայն ախտանշանները սրբագրելու խաբուսիկ մոտեցումից, հարկավոր է մեր ցավերին դարման որոնել միասնաբար:

Հետևաբար, մեր սիրելի ժողովրդի բոլոր զավակներին կոչ եմ անում հեռու մնալ ներքին փտածություն, հակասություն, բռնություն, հեղհեղացում առաջացնող տարատեսակ երևույթներից: Անընդունելի է, որ Երևանի փողոցների, ճանապարհների վրա արյուն թափվի: Հայի արյուն կարող է թափվել միայն Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության սրբազան ճանապարհին: Հեռու է պետք մնալ իշխանություն-ժողովուրդ, Հայաստան-սփյուռք բաժանարար մտածելակերպից ու գործելակերպից:

Մենք մեկ ազգ ենք, մենք ամբողջություն ենք: Հայաստան ու հայություն՝ սա է կարևոր: Սա պետք է դառնա մեր կյանքի գաղափարը, մեր ամենօրյա պայքարով այս գիտակցությամբ միայն կարող ենք ապահովել մեր ազգի միասնությունը և հզորացնել Հայաստանը իր Ղարաբաղով»:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---