Նալբանդյան. ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչումը կենսական է կարգավորման մեջ առաջընթացի համար

Նալբանդյան. ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչումը կենսական է կարգավորման մեջ առաջընթացի համար

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Պոտսդամում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին այս կարևոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել` նախապատրաստելով գալիք դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհուրդը, որպեսզի Համբուրգում կայանալիք հանդիպումը դառնա մասնակիցների միասնական հաջողությունը:

Նա հավելել է նաև, որ հաջողությունը չափվում է ոչ թե ընդունված որոշումների քանակով, այլ երկխոսության որակով:«Ակնհայտ է, որ ԵԱՀԿ տարածաշրջանի յուրաքանչյուր մարտահրավեր հարկավոր է լուծել երկխոսության միջոցով: Եթե համաձայնության չգանք մեկ հիմնարար սկզբունքի շուրջ, ապա մեր ջանքերը պարզապես ապարդյուն կլինեն: Խոսքը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի մասին է: Անվերապահ հավատարմությունն ուժի չկիրառման սկզբունքին կենսական է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից:

Այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված և իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և վայրագություններով, այս հակամարտության սոսկ հերթական սրացումը չէր: Դա մարտահրավեր էր ԵԱՀԿ տարածաշրջանի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը: Դա լրջորեն հետ նետեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Ուժի կիրառման նման փորձերը, որպես բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու միջոց, համապատասխան արձագանք չստանալու դեպքում, կարող են հանգեցնել լրջագույն անկայունության` հղի անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար: Հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնելու համար պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ` ուժի կիրառումը բացառելու և պայմաններ ստեղծելու խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով»,-ասել է Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ աա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հարկավոր է իրագործել այն, ինչն ընդգծվել և համաձայնեցվել էր այս հանդիպումների շրջանակներում` 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի ամբողջական կատարում, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում:

Նախարարը հավելել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները նույնական չեն, երբ խոսքը վերաբերում է սկզբունքներին, որոնց հիման վրա այդ հակամարտությունները պետք է կարգավորվեն: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն: Գոյություն ունի մեկ ընդհանուր սկզբունք՝ ուժի չկիրառումը, որին պետք է հետամուտ լինել բոլոր հակամարտությունների պարագայում։

«Կամ այն ձևով, ինչպես մենք ենք ասում, կամ պատերազմ» մոտեցումը տանում է փակուղի: Այս կարգի ձևակերպումներ են հնչում ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դիվանագետների կողմից, ովքեր, արհամարհելով ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հինգ հայտարարությունները, փորձում են սեփական ընկալումներն ու տեսակետները ներկայացնել որպես հանգուցալուծման միակ ճանապարհ: Երբ անգամ դիվանագետներն են խոսում նման լեզվով, ապա խնդիրն այստեղ ավելին է, քան զուտ կամքի բացակայությունը:

Հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն և հակամարտությունների կառավարման, և դրանց կարգավորման հիմքում: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումը կենսական նշանակություն ունի այս հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց ապահովելու համար»,-ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ սպառազինությունների վերահսկողության արդյունավետ ռեժիմը և դրա լիարժեք իրականացումն առանցքային են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի գործնական կիրառությունն ապահովելու առումով: «Մեծ հետաքրքրությամբ ծանոթացանք ԵԱՀԿ գործող նախագահի՝ օգոստոսի 26-ի հոդվածին, որում առաջարկվում է վերագործարկել սպառազինությունների վերահսկողությունը: Հայաստանը մշտապես համագործակցային անվտանգության բարելավված համաձայնությունների կողմնակից է եղել՝ միտված ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության և կանխատեսելիության ավելացմանը՝ հիմնված զսպման և ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա: Հենց այս մոտեցմամբ է Հայաստանը պատրաստվում ներգրավվել Եվրոպայում սպառազինությունների վերահսկողության ապագային առնչվող քննարկումներում: Հարձակողական սպառազինության ահագնացող տեմպերով կուտակումը և անվերահսկելիությունը պետք է կանխվեն:

Մենք գնահատում ենք Վիեննայի փաստաթղթի արդիականացմանն ուղղված ջանքերը: Բայց նաև պետք է առավել քայլեր ձեռնարկվեն՝ ապահովելու ներկայիս Վիեննայի փաստաթղթի և սպառազինությունների վերահսկողությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների իրականացումը: Մենք բարձրաձայնել ենք Վիեննայի փաստաթղթի առանցքային դրույթների, ներառյալ` զորավարժությունների և տեսչական ստուգումների հայտագրման շարունակական խախտումների մասին:

Մենք մշտապես ընդգծել ենք հակամարտությունների գոտիների բնակչության իրավունքների պաշտպանությունը, ԵԱՀԿ կարողությունների ամրապնդումը նախևառաջ հակամարտությունների դաշտային առաքելություններում, բոլոր երեք հարթություններով վստահության միջոցների ամրապնդումը։ Այս առումով, առաջնային պետք է լինի Վիլնյուսում ընդունված համապատասխան որոշման ամբողջական կիրառումը և դրանից բխող պարտավորությունների կատարումը»,-ասել է Նալբանդյանն իր ելությում:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---