ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիները կարող են մասնակցել Պետդումայի ընտրություններին

ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիները կարող են մասնակցել Պետդումայի ընտրություններին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության չափահաս քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի տարածքում, ինչպես նաև ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են մասնակցել ՌԴ Պետդումայի ընտրություններին` ներկայացնելով գործող օտարերկրյա անձնագիրը։ Այդ մասին հայտարարել է դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Շչուկինը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Նրա խոսքով` Հայաստանի պաշտոնական իշխանությունները տեղյակ են, որ երկրի տարածքում կանցկացվեն ընտրություններ, և նրանք խոստացել են ամեն կերպ աջակցել, այդ թվում` ընտրատեղամասերին հարակից տարածքներում կարգուկանոն ապահովելու հարցում։

Շչուկինը նշել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքն ամրագրված է նիժեգորոդյան մեկմանդատային շրջանին։ «Թեկնածուների մասին ողջ տեղեկատվությունը հրապարակված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում։ Քվեարկության օրը մենք ընտրողներին հնարավորություն կտանք ծանոթանալ թեկնածուների և նրանց կուսակցական գործունեության հետ կապված տեղեկատվությանը»,- ասել է Շչուկինը։

Նա նաև պարզաբանել է, որ քաղաքացիներն առցանց ռեժիմով քվեարկելու հնարավորություն չունեն, քանի որ հատուկ քվեաթերթիկներում կան պաշտպանության միջոցներ, այսինքն` հոլոգրաֆիկ հատուկ նշան, իսկ փաստաթուղթը ստորագրել են յուրաքանչյուր ընտրական հանձնաժողովի երկուական անդամները։

Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովն իր հերթին նշեց, որ առաջիկա ընտրությունները տեղի կունենան ոչ միայն Ռուսաստանի բոլոր սուբյեկտներում, այլ նաև` այլ երկրներում։

«Հայաստանում քվեարկության համար բաց կլինի երկու ընտրատեղամաս Երևանում (Գրիգոր Լուսվորիչի փողոց, 13ա) և Գյումրիում (Գլխավոր հյուպատոսարան, Գարեգին Նժդեհ փողոց, տուն 1)։ Քվեարկությունը կանցկացվի 08:00-ից մինչև 20:00»,- ասել է Շապովալովը։

Յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին խառը համակարգով. 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգ) և 225-ը` մեծամասնական համակարգով։ Դաշնային շրջանի ընտրություններում գրանցված են 14 կուսակցության ցուցակները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---