ԼՂՀ ԱԳ նախարարը Արցախ է հրավիրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

ԼՂՀ ԱԳ նախարարը Արցախ է հրավիրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը՝ կապված սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի շրջանակներում արված գերագույն հանձնակատարի հայտարարության հետ, առ այն, որ նրա «գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում այս տարվա ապրիլի իրադարձություններից հետո»:

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության մասին որևէ հարցում չեն ստացել, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ գրասենյակն ավելի քան երկու տասնամյակ և նույնիսկ ապրիլին ադրբեջանական ագրեսիայից հետո չի կարողանում այցելել ԼՂՀ:

«Կարծում ենք՝ ՄԻԳՀԳ-ը պետք է հնարավորություն ունենա ստուգելու ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտման՝ պատշաճորեն փաստագրված դեպքերը և ռազմական հանցագործությունները՝ ինչպես ԼՂՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինծառայողների դեմ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այդ հանցագործություններին՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով, հակառակ դեպքում, իրականացնողների անպատժելիությունը կարող է խրախուսել հետագայում ևս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուժի կիրառումը», - նշվում է նամակում։

Հավաստիացնելով, որ ԼՂՀ իշխանությունները բաց են ՄԻԳՀԳ հետ անկեղծ համագործակցությանը՝ ուղղված ժողովրդավարական նորմերի և սկզբունքների ամրապնդմանը, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանությանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հրավիրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին այցելել Լեռնային Ղարաբաղ, կամ ուղարկել թիմ՝ անաչառ և օբյեկտիվ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակին, ինչպես նաև այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---