Կասպրշիկ. ԵԱՀԿ-ն միջադեպերի հետաքննություն անցկացնելու մանդատ չունի

Կասպրշիկ. ԵԱՀԿ-ն միջադեպերի հետաքննություն անցկացնելու մանդատ չունի

PanARMENIAN.Net - Ապրիլի սկզբին շփման գծում բռնկված լարվածությունից վեց ամիս անց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 5-ին իր մանդատի համաձայն մշտադիտարկում է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, որից հետո հայտարարություն է տարածվել, հայտնում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ինչպես միշտ` կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մշտադիտարկումից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Այդ տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, այդ թվում համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահին:

«ԶԼՄ հրապարակումները երբեմն նշում են, որ իմ գրասենյակը չի արձանագրում հրադադարի խախտումները, կամ նշում պատասխանատու կողմին: Նրանք միգուցե հղում են անում այն փաստին, որ մշտադիտարկման ընթացքում, երբ գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են, հրադադարի խախտումներ չեն արձանագրվում»,-ասվում է հայտարարության մեջ: :

Նշվում է, որ գրասենյակը միշտ արձանագրում է հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում անդամների ներկայությամբ:

«Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա: Կցանկանայի վերահաստատել, որ մենք միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք: Ապրիլյան բախումներին հետևած վեց ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն առանց ջանք խնայելու աշխատել են իրավիճակի կայունացման և բանակցություններն առաջ մղելու ուղղությամբ, իսկ մշտադիտարկման արդյունքում տրամադրված տեղեկատվությունն այս գործընթացի անհրաժեշտ մասն է: Այս ջանքերը շարունակական են»,-ասվում է հայտարարության մեջ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից Կլաուս Քելլերը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---