ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ իրավիճակի սրմանն ուղղված պարզամիտ հնարք

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ իրավիճակի սրմանն ուղղված պարզամիտ հնարք

PanARMENIAN.Net - Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Այս մասին նշվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով:

Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում»,- ասված է հաղորդագրության տեքստում:

Անցած օրերի ընթացքում հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում` «ԴՇԿ» տիպի գնդացիր, «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահար զինատեսակներ ու ՀԱՆ – 17 տիպի նռնականետ, այսօր տարածել է տեղեկություն առ այն, թե իբր հայկական կողմն առաջնագծում կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ապակայունացմանն ուղղված պարզամիտ քարոզչական հնարք»,- նշվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել` հերքելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը շփման գծում ադրբեջանցի զինվորի մահվան մասին:

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1800 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (155 կրակոց) և «Իստիգլալ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (109 կրակոց):Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:

Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---