Թուրքիայի օտարալեզու թերթերի համար սահմանափակումներ են սահմանվել

Թուրքիայի  օտարալեզու թերթերի համար  սահմանափակումներ են սահմանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում հրատարակվող այն թերթերը, որոնք միայն մասամբ են թուրքերեն, այլևս պետական ու պաշտոնական կառույցների հայտարարություններն ու գովազդները հրապարակելու իրավունք չեն ունենա:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ազգային փոքրամասնություններին՝ հայերին, քրդերին, հույներին, հրեաներին պատկանող թերթերին:

Թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի թղթակից Այշե Յըլդըրըմը: Վերջինս նկատում է, որ արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում ընդունված այս որոշումը 1920-ականներին Թուրքիայում սկիզբ առած «Քաղաքացի, թուրքերեն խոսիր» շարժման մի նոր բռնկումն է:

Նա իր «Քաղաքացի, թուրքերեն գրիր» խորագրով հոդվածում նշում է, որ Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերը ևս, փաստորեն, դարձան արտակարգ դրության ռեժիմի զոհը:

Նշյալ որոշման տակ են ընկնում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս», «Նոր Մարմարա», «Ժամանակ», «Շալոմ», «Իհո» և այլ հայկական, քրդական, հունական թերթերն:

Որոշումը վերաբերում է նաև անգլերեն լույս տեսնող Hürriyet Daily News և Daily Sabah և այլ նմանատիպ պարբերականներին:

«Իշխանությունները, որ ցանկանում են մեկ հարվածով մի քանի թռչուն սպանել, այսպիսով պաշտոնականացնում են ձուլման քաղաքականությունը», - գրում է Այշե Յըլդըրըմը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերին արգելվել էր պաշտոնական հայտարարություններ հրապարակել դեռևս 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո: Սակայն 2011թ. օգոստոսի 28-ին այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր վերականգնել ոչ թուրքերեն թերթերի այդ իրավունքը:

Ազգային փոքրամասնությունների համայնքների և հիմնադրամների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վստահեցրել էր, որ օտարալեզու թերթերի՝ պաշտոնական հայտարարություններ հրապարակելու իրավունքը օրինականացնելու համար օրենսդրական փոփոխություններ կկատարվեն: Սակայն այդ փոփոխությունները այդպես էլ չկատարվեցին:

Ընդհակառակը, վերջին որոշմամբ լիովին իրավական հիմքի վրա դրվեց այլալեզու թերթերում պաշտոնական հայտարարություններ և գովազդներ չհրապարակելու միտումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---