«Խրախուսել և օգնել». Ստուգող տեսուչը պետք է ոչ թե վերահսկի, այլ՝ աջակցի

«Խրախուսել և օգնել». Ստուգող տեսուչը պետք է ոչ թե վերահսկի, այլ՝ աջակցի

PanARMENIAN.Net - ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում` նորաստեղծ Տեսչական մարմնի կողմից, պետք է առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ գործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ՝ աջակցող: Այս մասին Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում խոսել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարականներ տալով արդարադատության, ֆինանսների, ԱԻ, առողջապահության, ՏԶՆ, ՏԿՏՏ, ԿԳ, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ՊԵԿ նախագահին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին:

«Յուրաքանչյուրն իր մասով ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս պետք է առաջնորդվի այս սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ՝ աջակցող, պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում»,- ասել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ գործակցության ձևավորման համար պետք է մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ:

Ըստ վարչապետի՝ տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք դնող և այլն:

«Առաջին այցերը պետք է կազմակերպեն մեր տեսչական մարմինները: Ինչի ենք հատուկ հնչեցնում, որպեսզի պոտենցիալ ստուգողները լսեն, լինելու է առաջարկություն՝ ինչ պետք է իրենք անեն, որպեսզի համապատասխանեն այն նորմերին, որոնք դրված են: Իրենց՝ տնտեսվարողներին, տրվում է ժամկետ, որպեսզի իրենք իրենց բացթողումները լրացնեն, եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,- նշել է Կարապետյանը:

Բացի այդ, վարչապետն արտահանման խթանման վերաբերյալ հանձնարարական է տվել տնտեսական զարգացման ու ներդումների նախարարին, որպեսզի ԱԳՆ-ի ու գյուղնախարարության նախարարության հետ համատեղ քննարկի ու հինգօրյա ժամկետում ներկայացնի առաջարկություն՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծի նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

«Աշխատանքային խմբին՝ հանձնարարում եմ աշխատել իրանական կողմի հետ՝ ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտությունների ապահովման նպատակով աշխատել Հայաստանում համապատասխան իստիտուցիոնալ կառույցների հետ, որպեսզի արտադրանքը համապատասխանի Իրանում պահանջվող չափորոշիչներին»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը:

Վարչապետն աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարել է մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

«Կարծում եմ՝ հանձնարականը պարզ է: Երկու խոսքով մեկնաբանեմ՝ ունենք հարևան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Ելնելով դրանից՝ միշտ շուկան և սպառողն է թելադրում, թե ինչ ձևի, ինչ որակի, ինչ հայտանիշների պետք է արտադրանքը համապատասխանի, այդ իսկ պատճառով, եթե մենք այստեղ էֆեկտիվ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասշտաբներով մեծ մասնաբաժին զբաղեցնել»,- ընդգծել է Կարապետյանը:

Նա նաև Տնտեսական զարգացման և նեդրումների նախարարին ու պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:

Նոյեմբերի 16-ին Մեղրիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հավանության է արժանացել ԵԱՏՄ տարածքում 8 ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը, որից մեկը կլինի Մեղրիում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---