ԼՂՀ նախագահ. Կարողացանք արձանագրել կարևորագույն հաղթանակներ` տեր կանգնելով մեր հող ու ջրին

ԼՂՀ նախագահ. Կարողացանք արձանագրել կարևորագույն հաղթանակներ` տեր կանգնելով մեր հող ու ջրին

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որը կրկնակի թանկ ու հիշարժան է մեր ժողովրդի համար:

1991 թվականին մենք իրականություն դարձրինք մեր պապերի նվիրական իղձերն ու ձգտումները՝ հռչակելով պետական անկախություն և հաստատակամորեն ընթանալով ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: Այդ ճանապարհին ունեցանք անդառնալի կորուստներ, հաղթահարեցինք մեծ դժվարություններ ու փորձություներ և շնորհիվ մեր ժողովրդի աներեր կամքի ու անսասան ոգու՝ կարողացանք միասնաբար արձանագրել կարևորագույն հաղթանակներ, տեր կանգնելով մեր հող ու ջրին, մեր ներկային ու ապագային, որն անպայման կլինի պայծառ ու լուսավոր: Մենք այլ ճանապարհ չգիտենք»:

Ուղերձում ասվում է, որ 2006 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի առաջին Սահմանադրությունը: Այն դարձավ ազատ, անկախ, հզոր պետություն կառուցելու մեր կամարտահայտության ևս մեկ վկայությունը, փաստեց մեր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին և համամարդկային արժեքներին: Անգնահատելի է Մայր օրենքի դերակատարությունն Արցախի նորագույն պատմության մեջ:

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարօրություն ձեր ընտանիքներին և Արցախի Հանրապետությանը»,-ասվում է ուղերձում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախցիները դեկտեմբերի 10-ին, միանգամից 2 տոն են նշում` ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը:

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց երկրի հետագա զարգացման ուղին: ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ անկախ պետություն կերտելուն «այո» ասաց:

15 տարի հետո` 2006 թվականին, նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցինք պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---