Միհրան Հարությունյանը մտադիր է հունահռոմեական ըմբշամարտի դպրոց բացել Արցախում

Միհրան Հարությունյանը մտադիր է հունահռոմեական ըմբշամարտի դպրոց բացել Արցախում

PanARMENIAN.Net - Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մտադիր է մարզադպրոց բացել Արցախում, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

«Ես որոշել եմ, որ մենք համատեղ ջանքերով դպրոց բացենք, որպեսզի երեխաները կարողանան մարզվել: Արցախում հունահռոմեական ոճի ոչ մի դպրոց չկա, սակայն շատերն են ցանկանում զբաղվել այդ մարզաձևով: Ես կցանկանայի նպաստել այդ մարզաձևի զարգացմանը»,-ասել է Հարությունյանը Մոսկվայում Haysport.ru նախագծի շնորհանդեսի ժամանակ:

Նա հույս է հայտնել, որ Արցախի նախագահը կսատարի իր այդ գաղափարին` հավելելով, որ շատերն արդեն հետաքրքվում են, առաջարկում են իրենց աջակցությունը:

Ըստ հայտնի մարզիկի, լինելով Արցախում, նա տեսել է մարդկանց անկեղծ ցանկությունը, որոնք ցանկանում են մարզվել և բարձր արդյունքներ ցույց տալ իրենց Հայրենիքի համար:

«Բոլորը ցանկանում են չեմպիոն դառնալ, բոլորը ցանկանում են մարզվել: Բոլորին թվում է, թե Արցախում միայն կռվել գիտեն: Բայց այս երեխաները, հավանաբար, իմ տեսած երեխաներից ամենամարզվածներն են: Բոլոր երեխաները ցանկանում են սպորտով զբաղվել, աշխատել, նրանց համար կարևոր չէ լավն են պայմանները, թե վատը` նրանք ցանկացած պայմանների հարմարվում են: Ես ակնկալում եմ, որ 10 տարի անց մենք կլսենք արցախցի մեծ չեմպիոնների մասին»,-ասել է Հարությունյանը:

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ և անարդար մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր: Միհրան Հարությունյանի մենամարտը եզրափակչում կբողոքարկվի, երբ միջազգային իրավաբանները կտան իրենց եզրակացությունը: Այս մասին ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---