ՍԱՊԾ-ն խախտումներ է հայտնաբերել գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերություններում

ՍԱՊԾ-ն խախտումներ է հայտնաբերել գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերություններում

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ:

Այդ արդյունքների համաձայն՝ ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտի մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություն: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաև սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, արտադրության կազմակերպմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ:

Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով՝ տրվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր. մի շարք տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ոչնչացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով՝ տրվել են նաև հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն՝ անվտանգության նորմերը արտադրական գործընթացում պահպանելու նպատակով:

Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են նաև մակնշմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ:

Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները ներկայացված են Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական (ՄՄ ՏԿ 022/2011) կանոնակարգում: Մակնշման մեջ ներառվում է նաև սննդամթերքի հետ շփվող նյութերի (փաթեթավորող նյութերի) մասին տեղեկատվությունը՝ համաձայն «Փաթեթավորման անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի:

«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիակական կանոնակարգի 10-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 23-ի N827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի, «Սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, տվյալ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի և պահպանի վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎԱՎԿԿՀ) (անգլերեն տարբերակը՝ НАССР – Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը»:

ՍԱՊԾ-ն շարունակում է վերահսկողական միջոցառումները ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում և հետագծելության սկզբունքով առաջիկայում վերահսկողություն է իրականացնելու փաթեթավորող նյութեր և սննդային հավելումներ մատակարարարող կազմակերպություններում, ինչպես նաև այլ զովացուցիչ ըմպելիքների արտադրություններում»,-նշված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---