Թուրքիայի հայ համայնքը դժգոհ է. Պատրիարքի ընտրությունները հետաձգելու նոր պատրվակ կա

Թուրքիայի հայ համայնքը դժգոհ է. Պատրիարքի ընտրությունները հետաձգելու նոր պատրվակ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի հայ համայնքը վրդովվել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց պատրիարքի ընտրությունը կապել է սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:

Վերջերս հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հայոց պատրիարքի ընտրության հարցը: Էրդողանը հայտնել էր, որ պատրիարքի և համայնքի հիմնադրամների ընտրություններով կզբաղվեն հանրաքվեն ավարտելուն պես:

Հայկական «Ակօս» շաբաթաթերթն արձագանքել է այդ հայտարարությանը՝ դժգոհելով որ բավական չէ հայկական համայնքին անորոշ ժամանակ են պարտադրում, հիմա էլ հարցն ամբողջությամբ թողնում են Էրդողանի հայեցողությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Համայնքի ներկայացուցիչներից Թաթյոս Բեբեքը նշել է. «Մինչ սպասում էինք, որ Ստամբուլի նահանգապետարանից հանդիպման հրավեր պիտի գա ընտրության անցկացման դիմումը ներկայցնելու համար, հանրաքվեն ի հայտ եկավ: Անընդհատ պատվրակներ են առաջ բերվում, և ընտրությունները ոչ մի կերպ չեն անցկացվում: Դեռ ավելին, հիմա էլ գործընթացի մեջ ներգրավվեց նախագահը: Հարցը շեղելու համար ևս մեկ հիանալի պատրվակ»:

Օրերս համայանքի ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր նախագահ Էրդողանի հետ: Հանդիպումը տեղի էր ունեցել պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի մեջլիսում հայտնի ելույթից հետո, երբ վերջինիս Հայոց ցեղասպանություն արտահայտության համար պատժել էին՝ հեռացնելով մեջլիսի 3 նիստից: Շիրինօղլուն Էրդողանին հայտնել էր, թե հայ համայնքի 99 տոկոսը Փայլանի տեսակետները չի կիսում: Իսկ պատրիարքի ընտրության հարցի քննարկման ժամանակ Էրդողանն ասել էր, որ ընտրությունների ուշացումը հայ համայանքի թերացումն է: Նա նաև նշել էր, որ ընտրություններով կհետաքրքրվեն հանրաքվեից հետո, որը նախատեսվում է անցկացնել ապրիլին:

Հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ, հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող ներկայիս պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել` օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը:

Ընդհանուր ժողովը դիմում է հղել թուրքական պատկան մարմիններին` նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Ըստ օրենքի, պատրիարքի ընտրության թույլտվություն իրավասու է տալ Ստամբուլի նահանգապետարանը` այն համաձայնեցնելով ներքին գործերի նախարարության հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---