Բլոգեր Լապշինի կինը լրացուցիչ պաշտպանություն է խնդրել Մինսկից ամուսնու համար

Բլոգեր Լապշինի կինը լրացուցիչ պաշտպանություն է խնդրել Մինսկից ամուսնու համար

PanARMENIAN.Net - Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Բելառուսի իշխանություններին իր ամուսնուն լրացուցիչ պաշտպանություն շնորհելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է Լապշինի փաստաբան Նատալյա Շեկինան:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

«Նա դիմել է լրացուցիչ պաշտպանության համար Մինսկի ներքին գործերի Քաղաքացիության և միգրացիայի բաժին»,-ասել է Շեկինան լրագրողներին:

Փախստականի կարգավիճակը Բելառուսում իրավունք է տալիս անձին մշտապես բնակվել Բելառուսի տարածքում: Լրացուցիչ պաշտպանություն տրամադրվում է օտարերկրացուն, որը գտնվում է Բելառուսի տարածքում և հիմքեր չունի փախստականի կարգավիճակ ստանալու համար, սակայն ունի հիմնավորված մտավախություններ, որ հայրենիք վերադառնալու դեպքում նրան սպառնում է մահապատիժ, կտտանքներ կամ այլ դաժան և նվաստացուցիչ վերաբերմունք:

Փետրվարի 7-ին Մինսկում Բելառուսի Գերագույն դատարանը քննելու է բլոգեր Լապշինի բողոքը Մինսկի քաղաքական դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ: Դատարանը հունվարի 26-ին օրինական է համարել Բելառուսի Գլխավոր դատախազության որոշումը Լապշինին Բաքվին արտահանձնելու վերաբերյալ, հայտնում է Interfax-ը:

Գերագույն դատարանը Լապշինի բողոքարկման դիմումը քննելու է փակ ռեժիմով, նրա բացակայությամբ:

Մոսկվան դեմ է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը՝ պնդելով երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնման անթույլատրելիության հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:

Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---