Ռուսաստանցի բլոգերներ Մերկուրովն ու Նոսիկը համալրել են Ադրբեջանի «սև ցուցակը»

Ռուսաստանցի բլոգերներ Մերկուրովն ու Նոսիկը համալրել են Ադրբեջանի «սև ցուցակը»

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի բլոգերներ Անտոն Նոսիկն ու Անտոն Մերկուրովը, որոնք 2017-ի մարտին այցելել էին Արցախ, ընդգրկվել են Ադրբեջանի թարմացված «սև ցուցակում»: Այդ մասին հայտնել է ինքը Մերկուրովը իր ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանի ԱԳՆ-ն այնուամենայնիվ հրապարակել է այն քաղաքացիների թարմացված ցուցակը, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է: Հիմա ինձ ու Նոսիկին այնտեղ չեն թողնի: #blacklistparty-ն պաշտոնապես ավարտվեց»,-գրել է նա:

Մերկուրովը PanARMENIAN.Net –ին ասել է, որ ներառումը «սև ցուցակում» կանխատեսելի էր և իր համար միևնույն է:

«Իրականում ինձ համար միևնույն է, սակայն եթե լուրջ, ապա պետություններն ու սահմանները միայն մեր գլխներում են, այդ ցուցակներն ու սահմանափակումներն ուղղակի զառանցանք են: Հուսով եմ, ապագայում Ադրբեջանը կփոխի իր քաղաքականությունը և մենք կկարողանանք այցելել այնտեղ: Բացառելով միջպետական հակամարտությունը՝ վստահ եմ, որ մարդկային մակարդակով մենք միշտ էլ կարող ենք հյուրասիրության սեղանի շուրջ նստել Բաքվում, Երևանում, Ստեփանակերտում կամ Փարիզում և նորմալ զրուցել: Այն, ինչ տեսնում ենք, ԽՍՀՄ հետևանքն է՝ բոլոր ներկայիս ղեկավարները, այդ թվում Ռուսաստանում, ԽՍՀՄ նախկին անդամներ են և ՊԱԿ մայորներ: Հսուվ եմ, հաջորդ սերունդն այդ սխալները չի կրկնի», -ասել է բլոգերը PanARMENIAN.Net –ին:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ թարմացված ցուցակի, 75 համարի տակ նշված է Անտոն Նոսիկը, 76-րդը Անտոն Մերկուրովն է: Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցանկում են նաև մյուս բլոգերներն ու լրագրողները, որոնք մասնակցել են Արցախի համաժողովին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2017-ի մարտին միջազգային 10 բլոգեր և լրագրող մեկնել է Արցախ որպես բողոքի նշան Ադրբեջանի քաղաքականության դեմ, որի արդյունքում Արցախ այցելելու համար Մինսկում ձերբակալվել և Ադրբեջանին է արտահանձնվել հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Արցախում մարտին կայացած համաժողովին Նոսիկից և Մերկուրովից բացի մասնակցել են նաև Ալեքսանդր Ալիմովը Լատվիայից, Տարիկ Հաֆեդն Ալժիրից, Ռոմեն Միելրակը Ֆրանսիայից, Գիլադ Հափերնը Իսրայելից, Ալեքսանդր Հոյշիկը Բելառուսից, Իրինա Կովալչուկն Ուկրաինայից, Լուչանո Տիրիննազին Իտալիայից, Պետրուշկա Շուստովան Չեխիայից: Այդ մասին հայտնել է հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ընթերցեք նաև.Բելառուս բլոգեր. Լապշինին արտահանձնելով՝ Մինսկն արտոնություններ էր ակնկալում Բաքվից, բայց սխալվեց

Фото: Антон Меркуров
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---