Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում. Պարզեք՝ ինչպե՞ս է Հունգարիան $7.6 մլն-ով Բաքվին վաճառել մարդասպան Սաֆարովին

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում. Պարզեք՝ ինչպե՞ս է Հունգարիան $7.6 մլն-ով Բաքվին վաճառել մարդասպան Սաֆարովին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում «Դոն Կոռուպցիա» անունով հայտնի Պեդրո Ագրամունտի հրաժարականը համարել է ընդամենը առաջինը քայլը՝ ԵԽԽՎ-ն կոռուպցիայի սարդոստայնից մաքրելու համար: Նա նաև կոչ է արել պարզել, թե ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Ադրբեջանին վաճառել Ռամիլ Սաֆարովին։

«Քաղաքական իր բժիշկների հորդորով «Դոն Կոռուպցիա» անունով հայտնի Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց։ Ես շնորհավորում եմ Վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր թույլ չտվեցին, որ ԵԽԽՎ անունը նույնացվի կոռուպցիայի և ամենաթողության հետ, որտեղ ինչ-որ մեկը կարող է պատգամավոր գնել, վաճառել, վերավաճառել և պարտադրել սպասարկել իր երկրի ավտորիտար օրակարգը: Բայց արդյո՞ք Պեդրո Ագրամունտի վրա վերջակետ դնելը բավարար է մեր Վեհաժողովի դեմքից կոռուպցիայի սարդոստայնը մաքրելու համար»,-ասել է հայաստանցի պատգամավորը, գրում է Panorama.am-ը:

Նա նշել է, պարզվում է, որ կոռուպցիոն հայտնի մեծ լվացքի մեջ ներգրավված են եվրոպացի տարբեր գործիչներ, ովքեր տարիներ շարունակ դանիական Danske Bank –ի էստոնական մասնաճյուղից հսկայական գումարներ են ստացել։

«Ես հույս ունեմ, որ հունգարական պատվիրակության մեր գործընկերները իրենց երկրի քաղաքական ղեկավարությանը հարց կուղղեն՝ կապված սկանդալային այն բացահայտման հետ, որ Հունգարիան 7.6 միլիոն դոլարով վաճառել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս եղել է քնած։ Կարծում եմ, հունգարացի մեր գործընկերներին պետք է հետաքրքրի, թե ինչպե՞ս են Metastar Invest ընկերության կողմից հունգարական MKB բանկում բացված մի հաշվեհամարի վրա փոխանցվել միլիոնավոր դոլարներ և թե ի՞նչ կապ ունեն այդ հաշվեհամարները Հունգարիայի քաղաքական իշխանության հետ։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Metastar Invest-ն այն ընկերությունն է, որը պարբերաբար գումարներ է փոխացնել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեին, ով այս պահին, ամենայն հավանականությամբ, իտալական դատախազությանը պատմում է իր և իր տոտալիտար ընկերոջ ջերմ հարաբերությունների մասին»,-հայտարարել է Ն. Զոհրաբյանը:

Նա վեհաժողովի գործընկերներին հիշեցրել է, որ հունիսյան նստաշրջանում պաշտպանել են անկախ հետաքննող մարմնի ստեղծումը, վստահություն է հայտնել, որ անաչառորեն հետաքննում է կոռուպցիոն բոլոր փաստերը, որոնք վերաբերում են Վեհաժողովին։

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ընթերցեք նաև.Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---