Կոնգրեսական. ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՀՀ դերը քրիստոնեությունը պաշտպանելու գործում

Կոնգրեսական. ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՀՀ դերը քրիստոնեությունը պաշտպանելու գործում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում: Այդ մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսը՝ նշելով, որ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կառուցել են այս երկիրը, հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա:

«Այսօր ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին: Այսօր, երբ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վրա հարձակվում են, նրանց դուրս են հանում տներից, խոշտանգում, բռնաբարում, սպանում հավատքի համար, մենք պարտավոր ենք դադարեցնել այդ ամենը»,-ասել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում անցած Կրոնական ազատության միջազգային համաժողովում՝ ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսականն ընդգծել է, որ այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի պատմության մեջ հզորագույն պետությունն է, ինչը հատուկ պատասխանատվություն է նախատեսում.«Հաշվի առնելով մեր ամբողջ դիվանագիտական թափը, մեր ամբողջ հզորությունը, եթե մեզ չհաջողվի վերջ դնել քրիստոնյաների հալածանքներին, ուրեմն մենք բավարար չենք ջանում»,-ասել է կոնգրեսականը:

Էդ Ռոյսը նշել է, որ վերջին շրջանում այցելել է Իրաքում քրիստոնեական եկեղեցիներ, հանդիպել տեղի քրիստոնյա բնակչության հետ, ինչպես նաև՝ Հայաստանում հանդիպել է Մերձավոր Արևելքից գաղթած քրիստոնյաներին.«Պատճառներից մեկը, որ մենք աջակցում ենք ու շարունակելու ենք աջակցել Հայաստանին այն է, որ Հայաստանն ապաստան է տվել բազմաթիվ քրիստոնյա փախստականների»:

Էդ Ռոյսը նշել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Նինվեի հովտում պայմաններ ստեղծել, որպեսզի Իրաքի քրիստոնյա բնակչությունը վերադառնա հայրենի հող, սակայն այս պահին Իրաքի և Սիրիայի քրիստոնյաներից շատերը դեռևս ապաստանի կարիքն ունեն.«Մենք խորը հարգանք ենք տածում և բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում»:

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ փորձում են Հայաստանի համար հավելյալ ամերիկյան օգնություն ապահովել, որն այնուհետև կտրամադրվի Հայաստանում ապաստան գտած Իրաքի և Սիրիայի հայերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---