Բժշկական հաշտարարի համակարգ կներդրվի

Բժշկական հաշտարարի համակարգ կներդրվի

PanARMENIAN.Net - Հայաստանում բժշկական հաշտարարի համակարգ կներդրվի, որի նպատակն է արագ և պատշաճ արձագանքել բողոքներին, բնակչության շրջանում դժգոհությունները հասցնելու նվազագույնի:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 22 կետ առնչվում է առողջապահության համակարգին։ Դրանցից երկուսը` բժշկական հաշտարարի համակարգի ներդրումը և պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման կանխարգելման միջոցառումները, ընդգրկվել են Ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի առաջին կեսում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած հանրային քննարկումների օրակարգում։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է նշված ուղղություններով կատարված աշխատանքները։

Նախատեսվում է, որ բժշկական համակարգի հաշտարարի համակարգի ներդրմամբ կլուծվեն չափելի հարցեր։ Ասենք` պետական պատվերից օգտվելու կամ հերթագրելու ընթացքում մարդու իրավունքի խախտում եղել է, թե՞ ոչ։ Մշակվել և սահմանված ժամկետում ՀՀ կառավարություն է ներկայացվել Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը:

Բժշկական հաշտարարի համակարգի ներդրումը չի ենթադրում վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմների վերացում։ Հզոր և թափանցիկ այս համակարգը կլրացնի եղած հնարավորությունները` բողոքներին արագ և պատշաճ արձագանքելու, բնակչության շրջանում դժգոհությունները նվազագույնին հասցնելու նպատակով։

Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը կանխարգելելուն միտված աշխատանքները տարվում են մի քանի ուղղություններով` օրենսդրական փոփոխություններ, հանրության շրջանում հղիության արհեստական ընդհատման, մասնավորապես` սելեկտիվ աբորտների նկատմամբ մերժողական վերաբերմունքի ձևավորում, ինչպես նաև կանխարգելում: Մեծ աշխատանք է տարվել բնակչության իրազեկման և իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ` շեշտադրելով սելեկտիվ աբորտների վտանգավոր հետևանքները ոչ միայն մոր առողջության, այլև ժողովրդագրական ու անվտանգության տեսանկյունից, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառումների արդյունքում արձանագրվել է նորածինների սեռերի անհամամասնության կրճատում։ 2016թ. այն կազմել է 100 աղջկա դիմաց 112 տղա` 2014-ի 100 - 114-ի փոխարեն։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---