«Թեղուտ» ՓԲԸ-ն հանքավայրը շահագործելու իրավունքից հրաժարվելու դիմում չի ներկայացրել

«Թեղուտ» ՓԲԸ-ն հանքավայրը շահագործելու իրավունքից հրաժարվելու դիմում չի ներկայացրել

PanARMENIAN.Net - «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրը շահագործելու իրավունքից չի հրաժարվել: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:

Նշվում է, որ օրենքով, օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատնմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, պետք է դիմի լիազոր մարմնին՝ հրաժարումն ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն երեք ամիս առաջ:

«Տեղեկացնում ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից հրաժարվելու վերաբերյալ դիմում, օրենքով սահմանված կարգով, նախարարություն առ այսօր չի ներկայացրել», - ասվում է պատասխանի մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնում են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ընկերության տարածածհայտարարության մեջ նշվում էր, որ այն ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։

Ընկերությունը հայտարարել էր նաև, որ չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով, համապատասխան աշխատավարձով և լուծելու է աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Զբաղվածության պետական գործակալությունից հայտնեցին, որ «Թեղուտ» ընկերությունը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, գործակալությանը տեղեկացրել է արտադրական բնույթի խնդիրներով պայմանավորված ժամանակավորապես՝ մինչև առկա խնդիրների լուծումը, արտադրության դադարեցման և հաստիքների զանգվածային կրճատումների վերաբերյալ:

« Զբաղվածության պետական գործակալության Ալավերդու զբաղվածության տարածքային կենտրոնը կապ է հաստատել «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության հետ և քննարկել աշխատատեղերի նախատեսվող կրճատումների հնարավոր կանխարգելման հնարավորության հարցը: Ինչպես նաև կենտրոնը ներկայացրել է աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման ուղղված պետական աջակցության մոտեցումները՝ մասնավորապես աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման միջոցով կրճատման կանխարգելման հնարավորությունները» , - նշվում է պատասխանի մեջ:

Կարդացեք նաև՝ «Հատված անտառներ և մեծ փողեր. Թեղուտի գործունեության 12 տարին թվերով»:

Գործակալությունից հայտնում են, որ կրճատման ենթական աշխատողներին կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն զբաղվածության օրենսդրության, զբաղվածության պետական ծրագրերի և դրանցում ընդգրկվելու ընթացակարգերի վերաբերյալ:

«Այն աշխատողները որոնք ցանկություն կհայտնեն փնտրելու այլ աշխատաանք, կենտրոնը, ելնելով աշխատաշուկայի պահանջարկից, նրանց կառաջարկի իրենց կարողություններին համապատասխան աշխատանք», - նշվում է պատասխանի մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---