ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում ներկայացրել է Բաքվի «անընդունելի քայլերը» շփման գծում

ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում ներկայացրել է Բաքվի «անընդունելի քայլերը» շփման գծում

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, արտգործնախարարների խորհրդի նիստին տեղեկացրել է, որ հունիսի 10-ին ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել։

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։

Ելույթ ունենալով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի առաջնահերթությունները, Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և հիմնախնդիրների առնչությամբ, անդրադարձել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդման մեխանիզմներին, խաղաղապահության բնագավառում ՀԱՊԿ կարողությունների շարունակական զարգացմանը։

Նախարարները նիստի ընթացքում անդրադարձել են 2017թ․ նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված էին կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում տարեկան խորհրդատվությունների ծրագրին, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության, ահաբեկչության դեմ պայքարին, կազմակերպության խաղաղապահ առաքելության բաղադրիչին առնչվող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Արցախում զինծառայողի զոհվելու փաստի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ շեշտելով, որ այդ սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---