Փաշինյանը Դավոսում հանդիպել է Լիտվայի, Սլովակիայի, Իսպանիայի, Վրաստանի և Բելգիայի ղեկավարներին

Փաշինյանը Դավոսում հանդիպել է Լիտվայի, Սլովակիայի, Իսպանիայի, Վրաստանի և Բելգիայի ղեկավարներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում CEPA-ի վավերացումը և շնորհակալություն հայտնել Լիտվայի նախագահին` երկրի խորհրդարանում այդ գործընթացն ավարտին հասցնելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և նշել, որ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները պատմական նշանակություն ունեն մեր երկրի համար, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ դրա արդյունքները որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցել: Վարչապետի խոսքով` ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը փաստել են նաև միջազգային դիտորդական կազմակերպությունները:

Դալյա Գրիբաուսկայտեն ողջունել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում:

Վարչապետ Փաշինյանը Սլովակիայի կառավարության ղեկավար Պետեր Պելեգրինիի հետ հանդիպմանը քննարկել է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների փոխգործակցության ակտիվացումը` առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով:

Պետեր Պելեգրինին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ինչը ևս կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը: Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցը գտնվում է Սլովակիայի խորհրդարանի օրակարգում և այդ գործընթացն ավարտին կհասցվի մոտ ապագայում:

Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի, Իսպանիայի և Վրաստանի վարչապետներ` Պեդրո Սանչեսի ու Մամուկա Բախտաձեի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն ավարտվել է:

Շվեյցարիայից վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա, որտեղկայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---