Նախարար. Շտապօգնությունը պետք է կենտրոնացնել մեկ կազմակերպության շրջանակում

Նախարար. Շտապօգնությունը պետք է կենտրոնացնել մեկ կազմակերպության շրջանակում

PanARMENIAN.Net - Շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը, ՀՀ չափսերին մոտ երկրների կամ տարածաշրջանների համար, նաև դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության շրջանակներում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ իր վերջին երկու արտասահմանյան գործուղումները դա են վկայում:

«Նման նախաձեռնության մասին ինձ դեկտեմբերին հայտնեց ՌԴ Կալուգայի մարզի նահանգապետը և երկու օր առաջ՝ Բելառուսի առողջապահության նախարարը։ Նրանք երկուսն էլ ստեղծում են մեկ կազմակերպություն, որը շտապօգնության ծառայություն կմատուցի իրենց տարածաշրջաններում՝ մեկ հարկի տակ համախմբելով մինչ օրս գործող ապակենտրոնացված ՇՕ ծառայությունները»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարի կարծիքով, Հայաստանը նույնպես պետք է գնա այդ ուղղությամբ՝ ունենալով մեկ շտապօգնության ծառայություն ամբողջ Հայաստանի համար՝ հստակ գծված լիազորությունների և պատասխանատվությունների շրջանակով, ծառայության մատուցման վերանայված չափորոշիչով։

«ՇՕ բարեփոխումների շուրջ աշխատանքները մեր մոտ սկսվել էին դեռ աշնան սկզբից, բայց հիմա ավելի կարագացվեն նաև վերջին շրջանի զարգացումների պատճառով։ Բարեփոխումների աշխատանքներում կօգտագործվի ինչպես միջազգային փորձը, այնպես էլ մեր ՇՕ ծառայության այն բուժաշխատողների գիտելիքները և փորձը, ովքեր պատրաստակամ կլինեն օգնել»,-գրել է Թորոսյանը։

Արսեն Թորոսյանը նաև շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ է արել ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության կանոնների խստիվ պահպանումը:Նա հավելել է, որ երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար շտապօգնության մեքենաների ձայնային և լուսային ազդանշանների պարտադիր պետք է միացրած լինեն։Մյուս վարորդներին նախարարը կոչ է արել միշտ զիջել շտապօգնության մեքենաներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---