ԱԳՆ. Ղարաբաղի հարցը հայության ինքնության պահպանության խնդիր է՝ դրանից է բխում ԼՂ կարգավիճակի հարցը

ԱԳՆ. Ղարաբաղի հարցը հայության ինքնության պահպանության խնդիր է՝ դրանից է բխում ԼՂ կարգավիճակի հարցը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համայն հայության խնդիր է, որովհետև սա հայության ինքնության պահպանության, պաշտպանության խնդիր է՝ և դրանից բխում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ Արցախում համատեղ ճեպազրույցում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը և խոսելով «վաշինգտոնյան գործընթացի մասին»:

«Մենք հանգամանալից խոսել ենք վաշինգտոնյան գործընթացի մասին:Մենք ունենք 3հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, և Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները և շատ հստակ ձևավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, սա մեզ համար շատ կարևոր, պրակտիկ, պրագմատիկ հարցերից մեկն է, որովհետև Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այս գործընթացի սուբյեկտ: Խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ մենք չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ մենք չունենք այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը: Սա է մեր մոտեցումն այս հարցում:

Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին, մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում:

Եվ վերջապես բովանդակության հարցը. մենք հստակ ձևավորել ենք մեր մոտեցումը: Մեզ համար հարցը վերաբերում է Արցախի մարդկանց, կոնկրետ 150 հազար մարդկանց էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցին: Սա չենք կարող որևէ այլ կերպ դիտարկել»,-ասել է նա:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ սա համայն հայության խնդիր է, որովհետև սա հայության ինքնության պահպանության, պաշտպանության խնդիր է: «Եվ դրանից բխում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մոտեցումների շրջանակում է, որ մենք ունենք մեր մոտեցումները: Եվ այդ պարամետրերի մեջ յուրաքանչյուր բանակցության ժամանակ մենք ձևավորում ենք այդ շրջանակը, որի մեջ մեզ համար անհրաժեշտ է ամրագրել և առաջ տանել այն, ինչ մեզ համար առաջնային է: Սրանք բացարձակ առաջնային խնդիրներ են Հայաստանի մոտեցման մեջ»,-ասել է նա, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին:Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---