Փաշինյանի կոչն Ալիևին՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար

Փաշինյանի կոչն Ալիևին՝  պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում:

Նա հավելել է, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից քայլեր է ձեռնարկել հենց այս համատեքստում և կոչ է արել Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար

«Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն:

Ես այդ բանաձևը ներկայացրեցի ոչ միայն հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:

Փաստորեն, մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը և ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային Միության վերականգնման գաղափարին»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: «Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում:

Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի:

Կարևոր եմ համարում բացատրել, թե ինչու եմ ես անդրադառնում այս թեմային: Կարող է թվալ, թե ես կամենում եմ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին: Իհարկե՝ ոչ, ընդհակառակը, ես ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար, որն անհնար է լուծել առանց ծանր և հետևողական աշխատանքի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշիռ մոտեցման:

Ուստի ես կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար»,-ասել է վարչապետը Նյու Յորքում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---