Վարչապետ. Լուրջ մարտահրավեր է գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը

Վարչապետ. Լուրջ մարտահրավեր է գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը

PanARMENIAN.Net - Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում՝ անդրադառնալով ՀՀ հարևանների և ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններին:

«Ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ և ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման և կատաղի դիմադրության:

Մեր հարևանների և ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններում առկա տարաբնույթ լարվածությունը մեզ շատ անհարմար իրավիճակի մեջ է դնում: Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ և գործընկերային հարաբերություններ»,-ասել է նա:

Փաշինյանը հավելել է, որ ՀՀ համար լուրջ մարտահրավեր է գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը: «Մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինենք բոլորի համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու: Եվ մենք կշարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար»,-ասել է նա։

Իր ելույթում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Փաշինյանը նաև կոչ է արել Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---