Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 քաղաքացի կա. Նրանց մեջ ոստիկաններ չկան

Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 քաղաքացի կա. Նրանց մեջ ոստիկաններ չկան

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը 4 ժամը մեկ հեռախոսով կապ է հաստատում ինքնամեկուսացված քաղաքացիների հետ՝ կատարելով նրանց հսկողությունը և 12 ժամ առաջ կապ է հաստատում հուղարկավորության ծեսեր անցկացնող քաղաքացիների հետ՝ ապահովելով պարետի որոշման իրագործելիությունը, հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Արտակարգ դրության հաստատումից հետո ՀՀ-ում զանգվածային միջոցառումները խիստ սահմանափակված են: Հուղարկավորության արարողություններն անցկացվում են ոստիկանության հսկողության տակ, մասնակցության իրավունք ունի առավելագույնը 20 մարդ:

«Ոստիկանությունն այդ ընթացքում 1351 իրազեկում է ուղարկել նմանատիպ օբյեկտներին, որոնցից 1133-ը զվարճանքի վայրեր են եղել, իսկ 126-ը՝ հոգեհանգստի սրահներ: Մարտի 22-ի դրությամբ 115 հոգեհանգստի և հուղարկավորույթան միջոցառում է սպասարկվել»,- ասել է նա՝ նշելով՝ ապահովում են, որ միջոցառումներն անցնեն 20-հոգանոց խմբերով:

Մհրյանը հայտնել է, որ ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսից բուժվող 59 քաղաքացի կա: Ոստիկանության որոշ աշխատակիցներ թեստ հանձնել են, սակայն վարակի հաստատված դեպք չի գրանցվել: Կան ինքնամեկուսացած ոստիկաններ, որոնց թիվը չի նշվում: Ասուլիսի ընթացքում, սակայն, փոխոստտիկանապետը խոսել է նաև 1 ոստիկանի ընտանիքի մասին, որը մեկուսացված է Ծաղկաձորում:

Նա հայտնել է, որ կառույցի աշխատակիցները ջերմաչափվում են և անհրաժեշտության դեպքում ինքնամեկուսացվում, մեքենաներն ախտահանվում են, իսկ աշխատակիցներին տրամադրվում է համապատասխան նյութեր և դիմակներ:

Փոխոստիկանապետի խոսքով՝ մոտ 22 լրատվամիջոցի ոստիկանները հորդորել են հեռացնել արտակարգ դրության ընթացքում ինֆորմացիայի տարածման սկզբունքներին հակասող նյութեր, սակայն ոչ մեկի հանդեպ վարչական պատասխանատվություն չի կիրառվել: Նա տեղեկացրել է, որ «խուճապ առաջացնող» եզրույթին համապատասխանող տեղեկություններն ուսումնասիրում են համապատասխան մասնագետները:

Ըստ Մհրյանի՝ ոստիկանության ուժեղացված ծառայույթան արդյունքում 73 արձանագրույթուն կա՝ կապված տրանսպորտային միջոցներում նախատեսվածից շատ ուղևոր վերցնելու հետ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---