Ավինյան․ ՀՀ-ում 353,000 մարդ ռիսկային խմբում է, տեղորոշման գործիքներով ինքնամեկուսացման ենթակա 3029 անձ կար

Ավինյան․ ՀՀ-ում 353,000 մարդ ռիսկային խմբում է, տեղորոշման գործիքներով  ինքնամեկուսացման ենթակա 3029 անձ կար

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 353,000 մարդ (ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից) կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից համարվում է ռիսկային խումբ, Ազգային ժողովում հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նա ներկայացրել է Կառավարության արած միջոցառումների ցանկը և նշել, որ արտակարգ դրության երկրաձգմամբ նպատակ կա կառավարելի պահել վարակի տարածման ինտենսիվությունը, սահմանափակումներին զուգահեռ ներդրվում են նաև վարակակիրներին տեղորոշելու գործիքներ։

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունն ապրիլի 14-ից 30 օրով ՝ մինչև մայիսի 14-ը երկարաձգելու հարցը։

Փոխվարչապետի խոսքով՝ 315 հիվանդ ախտորոշվել են տեղորոշման գործիքների միջոցով, ստացվել է 3029 ինքնամեկուսացման ենթակա անձի կոնտակտ։ Նա հայտնել է, որ կորոնավիրուսի ախտորոշման համար ստեղծված հավելվածը մոտ 60,000 ներբեռնում է ունեցել, մոտ 4900 թեստ «կարմիր գոտում» է գտնվել, 21 հոգի թիրախավորվել է, նրանցից 4-ի մոտ է վիրուս ախտորոշվել։

Փոխվարչապետը նշել է, որ այս պահին ունեցած կարողություններով ՀՀ-ն կարող է սպասարկել մոտ 1700 մահճակալային հիվանդի, որը թույլ է տալիս ակտիվ 4500 վարակակիր ունենալ։

Ավինյանը նաև նշել է, որ մարտի 31-ից գործող տեղաշարժի սահմանափակումները պետք է պահպանվեն ապրիլ ամսվա ընթացքում, հանրային տրանսպորտը և միջմարզային տրանսպորտը շարունակելու են մնալ արգելված, օտարերկրացիների մուտքը ՀՀ՝ նույնպես։

Ավինյանը հայտնել է, որ միջմարզային սահմանափակումների պայմաններում համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով հնարավոր է իրականացնել ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ՝ կատարելով տնտեսական գործունեություն՝ թույլատրված ոլորտներում։

Ավինյանի խոսքով՝ հանրային տրանսպորտը վարակի տարածման ամենամեծ աղբյուրներից է, դրա գործունեությունը դադարեցնելը դժվար, բայց իրավիճակին համապատասխան որոշում է։

Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Ապրիլի 13-ի դրությամբ երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1039-ի: Ապաքինվել է 211 անձ, 14 հոգի մահացել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---