Թորոսյան․ Գավառի ԲԿ-ի վրա հարձակումից հետո ոմանց կյանքին վտանգ է սպառնում

Թորոսյան․ Գավառի ԲԿ-ի վրա հարձակումից հետո ոմանց կյանքին վտանգ է սպառնում

PanARMENIAN.Net - Գավառում փոխհրաձգությունից հետո հիվանդանոցի վրա մոտ 500 քաղաքացու հարձակումից հետո վիրավորվոր քաղաքացիներ կան, նրանից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է Armenpress-ը։

Նախարարը հայտնել է, որ միջադեպից հետո խնդիրը ԲԿ-ի բնականոն աշխատանքի վերականգնումն է, նշելով նաև, որ բժշկական անձնակազմից ոչ ոք վնասվածք չի ստացել։

Ապրիլի 28-ին՝ 17։30-ի սահմաններում, Գավառում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Մարզպետը նշել է, որ մահացածներից մեկը Գավառի բնակիչ է, մյուսը՝ Նորատուսի։ Հրաձգությունից հետո քաղաքի հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսին վնասվածք են պատճառել ԲԿ ներխուժած քաղաքացիները: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ հիվանդանոց են մուտք գործել 500-ից ավելի մարդ, միջադեպի հետևանքով մոտ 5 հոգի տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ։

Թորոսյանը նշել է, որ վիրավորները տարբեր առողջական վիճակներում են ու բուժօգնություն են ստանում տարբեր ԲԿ-ներում. այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող։ Չնայած դրան՝ նախարարը նշել է, որ վիրավորներից կան նաև մարդիկ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։

«Միանշանակ է, որ դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում՝ հատկապես բժշկական կենտրոններում, որովհետև փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիները, որոնց հետևից մեր այլ հարյուրավոր քաղաքացիներ եկել են, այլև բուժում ստացող բազմաթիվ մարդիկ, որոնց կյանքն իրական վտանգի տակ է դրվել այս ավելորդությունների արդյունքում»,- ասել է Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ Գավառի բժշկական կենտրոնում անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերվում, ինչը նշանակում է, որ բշկական սաքրերի վնասման դեպքում քաղաքացիների կյանքը վտանգի տակ էր դրվելու։ Թորոսյանի խոսքով՝ բժշկական անձնակազմի՝ կյանք փրկելու ծառայությանը խոչընդոտելը նույնիսկ մեկ հոգու կողմից ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, քան դա արվում է այլ պայմաններում։ Նա վստահություն է հայտնել, որ իրավապահ համակարգը պատշաճ գնահատական կտա կատարվածին։

Գեղարքունիքի մարզպետն ավելի վաղ հայտնել էր, որ Գավառի հիվանդանոցում հավաքվել են միջադեպի մասնակիցների բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, ուժ են գործադրել ոստիկանության և բուժանձնակազմի հանդեպ,ջարդելով դռներն ու պատուհանները ներս են մտել և վնասել 2 վիրավորի։ Հղում անելով հիվանդանոցում ներկաների խոսքին՝ մարզպետը նշել է, որ նրանց թիվը գերազանցել է 500-ը։ Նրա խոսքով՝ դեպքից անմիջապես հետո ոստիկանությունը մեծ թվով մարդկանց ձերբակալել է։ Սանոսյանը նշել է նաև, որ իր տեղեկություններով, միջադեպի պատճառը երիտասարդների միջև ծագած վեճն է եղել, որը վերաճել է նրանց՝ ավելի տարեց մտերիմների միջև հակասության։

Ընթերցեք նաև․ Մարզպետ․ Գավառի ԲԿ ներխուժողները 2 վիրավորի են վնասել, ընդհանուր 5 վիրավոր կա

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---