Ֆրանսիացի պատգամավորներ․ Ընդդեմ Ադրբեջանի` սատարել ՀՀ-ին, նշանակում է սատարել կյանքի իրավունքը

Ֆրանսիացի պատգամավորներ․ Ընդդեմ Ադրբեջանի` սատարել ՀՀ-ին, նշանակում է սատարել կյանքի իրավունքը

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական բախումների վերսկսումն Ադրբեջանի բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի կողմից վարվող լարվածության սրման ռազմավարության ուղղակի հետևանք է, հայտարարել են Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորները՝ նշելով, որ ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին նշանակում է սատարել ապրելու իրավունքը: Այդ մասին փոխանցում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Հայտարարությունը ստորագրել են սենատորներ Բեռնար Ֆուրնիեն, Միշել Ամիելը և պատգամավորներ Դանիել Կազարյանը, Ֆրանսուա Պուպպոնին, Ֆրանսուա-Միշել Լամբերը, Գիյոմ Կասբարյանը, Գի Տեսիեն, Ժան-Միշել Միսը, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնը, Սոնիա Կրիմին և Վալերի Բուայեն։ Նրանք կոչ են արել Ֆրանսիային նախաձեռնել իրավիճակից բխող քաղաքական և գործուն միջոցներ։

Քաղգործիչները խորը մտահոգություն են հայտնել սահմանային միջադեպերի առիթով և նշել, որ պատերազմը հարմար միջոց է Ադրբեջանի համար՝ շեղելու սեփական ժողովրդին իր իսկ պարտադրած ստորացումներից։

«Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայումս Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաև նավթի գնանկմամբ, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարևան ժողովուրդը»,- նշվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ իրավիճակն ավելի է բարդացել ՀՀ-ում հեղափոխությունից հետո։

Խորհրդարանականների խոսքով՝ Հայաստանի տարածքը թիրախավորող ադրբեջանական ագրեսիան ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը զուտ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար՝ տարածաշրջանում հայկական ներկայությունը վերացնելու։

Հայտարարության մեջ քննադատվել է նաև Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարող կոչերը։

«Կիպրոսի և Սիրիայի հյուսիսի ռազմական օկուպացիայից, Լիբիայում կոպիտ միջամտությունից հետո Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար, և ըստ այդմ՝ նոր և ուղղակի ոտնձգություն Ֆրանսիայի և Եվրոպական միության շահերի դեմ»,- նշում են խորհրդարանականները։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---