Արցախի ԱԳՆ․ Բաքուն փորձում է իր քայլերի շարժառիթները վերագրել հայկական կողմին

Արցախի ԱԳՆ․ Բաքուն փորձում է իր քայլերի շարժառիթները վերագրել հայկական կողմին

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի արձագանքը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերին՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է սեփական քայլերը և գործողությունների շարժառիթները վերագրել հայկական կողմին, իսկ Արցախի նախագահի հայտարարությունը նախազգուշացում է սպառնալիքի միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու փորձերի անհեռանկարայնության վերաբերյալ։

Ավելի վաղ Հարությոնյանը՝ պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին, ասել էր․ «Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում»:

ԱՀ նախագահը հայտարարել է, որ Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը գնդակոծելու սպառնալիքները, որոնք ադրբեջանական կողմը պարբերաբար հնչեցնում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, անթույլատրելի են։ Արցախի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ, մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրթիռահրետանային զորքերին ժամանակին հանձնարարել էր «պատրաստվել կործանարար հարվածներ հասցնել» Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների ուղղությամբ։

Ոչ թե Երևանը կամ Ստեփանակերտը, այլ հենց Բաքուն է կանոնավոր կերպով հանդես գալիս Հայաստանի և Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ռազմավարական օբյեկտների և բնակավայրերի ոչնչացման սպառնալիքներով՝ Մեծամորի ատոմակայանի, Երևանի և Ստեփանակերտի ուղղություններով հրթիռային հարվածներ հասցնելու, Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու վերաբերյալ իր պաշտոնական հայտարարություններով։

Արցախը, ըստ ԱԳՆ-ի, պատրաստ է կանխարգելել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակման ցանկացած փորձ։ «Գանձակի ռազմական օդանավակայանը և ցանկացած այլ ռազմական օբյեկտ, որն ադրբեջանական կողմը կփորձի օգտագործել Արցախի բնակավայրերի վրա հարձակման համար, օրինական թիրախ կդառնա Պաշտպանության բանակի համար։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Հերթական պատերազմի հրահրման փորձերը ողբերգական հետևանքներ են ունենալու ամբողջ տարածաշրջանի համար»,- ասվում է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---