Մոսկվայի շրջանից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրումը մոտ 3 անգամ կէժանանա

Մոսկվայի շրջանից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրումը մոտ 3 անգամ կէժանանա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի մոտ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Համապատասխան համաձայնագիրը կնքվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Պոչտա Ռոսիի» ընկերության ղեկավար Մաքսիմ Ակիմովի ու «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եռակողմ հանդիպման ժամանակ։

«Սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար»,- ասվում է գրառման մեջ։

Ըստ նոր համաձայնագրի՝ 2020-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար ծանրոցների փոխադրումը Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ կնվազի մոտ 3 անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 2950 դրամ (420 ռուբլի), նախկին՝ 8820 դրամի (1200 ռուբլի) փոխարեն: Ամեն հավելյալ կիլոգրամը կարժենա 1250 դրամ (180 ռուբլի): Հայաստանի մյուս մարզերից Ռուսաստանի այլ մարզեր ծանրոցների փոխադրման սակագինը կնվազի 1․5 անգամ. այն կկազմի 1 կգ-ի համար 6000 դրամ (860 ռուբլի)՝ նախկին 8820 դրամի փոխարեն, ամեն հաջորդ կիլոգրամի համար գինը կկազմի 1500 դրամ (215 ռուբլի):

Համաձայնագրի նպատակը երկու երկրի միջև ապրանքաշրջանառության տնտեսական խոչընդոտները վերացնելու հաշվին էլեկտրոնային առևտրի ծավալի ավելացմանը նպաստելն է, նաև Հայաստանում ու Ռուսաստանում փոքր ու միջին բիզնեսի համար ավելի մրցունակ միջավայր ստեղծելը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---